Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը այցելել է Մարդու իրավունքների Պաշտպանին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այցելեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և հանդիպում ունեցավ Պաշտպանի աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ կապված մարդու իրավունքների հետ, ինչպես նաև բարձրացվեցին Պաշտպանի աշխատակազմի բազմաթիվ հարցեր: Քննարկվեցին նաև վերջերս նախագահի հրամանագրով ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հետագա անելիքները: Հանձնաժողովում, որը զբաղվելու է մարդու իրավունքների ազգային ռազմավարության կենսագործման խնդիրներով, տարբեր ոլորտներում մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ համակարգային խնդիրներով, ներգրավված է լինելու նաև Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:

Հանդիպումից հետո Պաշտպանը և ԱԱԽ քարտուղարը ճեպազրույց ունեցան լրագրողների հետ, որի ընթացքում ներկայացրեցին հանդիպման մանրամասները:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց, որ կարևորում և դրական է գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը Հայաստանում: «Կարծում եմ, որ այս տարիների ընթացքում Պաշտպանի ինստիտուտը իսկապես կայացել է»,- նշեց ԱԱԽ քարտուղարը: Նա շեշտեց նաև, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարելավման կարիք ունի, և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը չի կարող լիարժեք գործել առանց Մարդու իրավուքների պաշտպանի հետ սերտ համագործակցության:

Խոսելով հանձնաժողովի հետագա գործունեության մասին Պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց. «Մենք լիահույս ենք, որ այս հանձնաժողովի աշխատանքը կլինի բեղուն, տարվա ընթացքում առաջընթաց կնկատվի: Եթե առաջընթաց չլինի, ինչպես բոլորս ենք ակնկալում մենք այդ մասին կհայտնենք»:

Պաշտպխանի աշխատակազմ

Հետևեք մեզ նաև Telegram-ում