Կացինն ու բարդին
Նմանատիպ
Նա մի դալար բարդի էր, որն արդեն երկար տարիներ աճում էր անտառի գողտրիկ անկյունում։ Երկար տարիներ աշխարհին նայում էր վերևից ու հիանում կյանքի հավերժությամբ։ Խեղճ բարդին թեպետ շնչավոր էր, բայց օժտված չէր ողբերգական բանականությամբ, որպեսզի գիտակցեր որ հավերժությունը միայն տիեզերական է, իսկ ինքն այդ հավերժության մի ժամանակավոր աննշան օղակն է:
Կյանքը հիասքանչ էր ու անհոգ։ Միայն ձմռանն էր ինքն անշուք: Մնացած եղանակներին իր ճյուղերով հպարտորեն կանգնում էր մյուսներից բարձր ու տերևների թեթև խաղով ազդարարում կյանքի քաղցրության մասին։ Որքա՜ն գեղեցիկ էր կյանքը, որքա՜ն բերկրալի մանավանդ գարնանը։ Նա հիանում էր թեթև քամուց առաջացող իր նազանքով, ճյուղերի մեղմիկ ծփանքով ու օրհնում այն սերմնահատիկը, որը սկիզբ էր դրել իր ճյուղավորմանը։
Թե քանի տարի էր նա իշխում իր միակ ու սիրելի անտառում չգիտեր, երբ մի ձմեռային օր ամենավերին ճյուղը դեռ հեռվից նկատեց մոտեցող կացնին։ Աղոտ ու անհասկանալի տագնապը համակելով վերին ճյուղը, աստիճանաբար փոխանցվեց մինչև արմատ։ Բարդին դեռ երբեք կացին չէր տեսել, որովհետև եթե մի օր տեսներ, դա լինելու էր վերջին բանը, որ տեսնելու էր։ Սակայն կացնի պաղ սառնությունը նրան հուշում էր, որ կյանքի հավերժությունը խաբուսիկ է, այդ հավերժությունն ապահովելու համար նրանք չենք կարող լինել միաժամանակ։ Որպեսզի կյանքը շարունակ էր իր հավերժությունը պետք է լիներ կամ կացինը կամ բարդին։ Նրանք պետք է փոխարինեին միմիյանց։ Մեկը մինչ մյուսին հանդիպելը, մյուսը՝ մինչև ժանգոտելը։ Բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը հավերժ չէին։ Նրանք պետք է ապրեին ու ոչնչացնեին իրար, ապահովելու համար տիեզերքի հավերժությունը։
Ձմեռային այդ խստաշունչ օրը կացինը կանգնեց բարդու առջև։ Պահը օրհասական չէր, վայրկայնը վճռորոշ չէր, հանգամանքները որոշիչ չէին։ Ամեն ինչ վճռված էր մինչև կացնու մոտենալը։ Ամեն ինչ որոշված էր բարդու նշմարվելու պահից։ Կացինը դեռ չէր ժանգոտել, ուրեմն հերթը բարդունն էր։
Ու բարդին թեպետ օժտված չէր ողբերգական բանականությամբ, բայց զգում էր դա ճյուղ առ ճյուղ, զգում էր մինչև արմատները։ Առջևում գարունն էր, ջերմացնող արևը, ծաղկող բողբոջներն ու տերևները, բայց ոչ իր համար։ Եվս մի քիչ ու ինքն արդեն ծառից վերածվելու է փայտի, որպեսզի այս ցուրտ ձմռանը դառնա ինչ որ մեկի վառարանի վառելիքը։ Իր մահը ուրիշների կյանքի շարունակությունն է, իր մոտալուտ հավերժական սառնությունը դառնալու է այլոց ժամանակավոր ջերմության օջախը։ Բարդին արդեն տեսնում էր կացնի մոտենալն ու մի վերջին հայացք նետեց երկինք։ Նա չգիտեր երկա՞ր է արդյոք ապրել թե ոչ, սակայն մի բանում համոզված էր, որ կյանքը երբեք երկար չի լինում ու որ տարքում էլ այն լքես, միևնույնն է այն թողնելու ես կարոտով, մի վերջին, գոնե ամենավերջին օրը չապրած կարոտով։ Ինչքան էլ ապրես, մեկ է մի վերջին օր լինելու է, որը թողնելու է չապրած կարոտի անջնջելի հուշ։
Գուցե բարդին ապրել էր հարյուր տարի, բայց այդ վերջին օրը որքա՜ն կարոտ ու գեթ մի օր ևս ապրելու որքա՜ն տենչ էր արտահայտում, որը խորթ էր կացնին։ Թետեպ կացնի կոթն ու բարդին իրար հեռավոր ազգականներ էին, բայց մեկը վաղուց արդեն ծառից վերածվել էր փայտի, իսկ մյուսին վայրկայներ էին բաժանում այդ ուղուց։ Եվ որքան էլ բարդին մեռնողի ցնորամիտ հույսով հայացքը հառեր իր հեռավոր ազգականին, բայց չէր կարող չգիտակցել, որ իր ազգականը վաղուց է վերածվել երկաթի հլու հանզադ կամակատարի։ Եվ այդ գիտակցությունն ամենադաժանն էր, երբ հույսը ճգնում է հաղթող դուրս գալ բանականության հետ պայքարում։
Ամենասարսափելին այն մահն է, որը մոտենում է դանդաղ, րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան, սանտիմետր առ սանտիմետր։ Ամենասարսափելին այն մահն է, որը նախքան վերջնական պարուրումը, ժամանակ է թողում ընկալելու այն իր ողջ էությամբ, մասնիկ առ մասնիկ։ Ամենասարսափելին այն մահն է, որը վերջնական ժամանումից առաջ թողնում է իր այցեքարտը։
Առաջին հարվածը բարդու վրա թողեց թեկուզ արդեն սպասված, բայց անակնկալ տպավորություն։ Երկրորդ հարվածը ֆիզիկական ցավի անտանելի զգացողություն։ Երրորդը՝ սոսկ աղաչանք, հաջորդ հարվածին մի փոքր ընդմիջում տալու հույսով։ Գոնե մի պահ մի վերջին անգամ անտառին նայելու հույսով, որին իշխել է երկար տարիներ։
Տե՜ր իմ Աստված, մի՞թե վերջ, մի՞թե եկավ այն օրը, որը թեպետ պետք է գար, բայց դեռևս այնքա՜ն հեռու էր թվում, այնքա՜ն անհաս։ Որքան էլ ասեն, որ հույսը վերջում է մեռնում, բայց հաջորդ հարվածներից նախքան բարդու մահը, մահացավ հույսը և բարդու միակ աղաչանքն էր, որպեսզի շուտ ավարտվեն հարվածները, որոնց անտանելի ցավերը ավելի շուտ մահ են աղերսում, քան կյանք։
Այսպես թե այնպես բարդին տապալվեց գետնին, որպեսզի իր մահվամբ այդ ցուրտ ձռմանը կյանք հաղորդեր մյուսներին, ովքեր սպասում էին կացնի հաղթանակի պարգևած ջերմությանը, ապրելու համար այնքան, մինչև իրենց հողի վերածվող մարմնով ծնունդ տային մի նոր բարդու գոյությանը։
Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում