Դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարի հետ

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ, պաշտոնական ընդդիմության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Զրուցակիցները երկուստեք բարձր գնահատեցին հայ և հույն ժողովուրդների փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա խարսխված երկկողմ բարեկամական հարաբերությունները:

Պարոն Միցոտակիսն առանձնահատուկ շեշտեց իր անձնական կապերը հայերի հետ և հայ ժողովրդի նկատմամբ իր վերաբերմունքը: Նա նաև հայտնեց, որ իր կուսակցությանն անդամակցող և դրան հարող որոշ գործարարներ հետաքրքրված են բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում:

«Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարը ներկայացրեց Հունաստանի ներքին և արտաքին զարգացումների շուրջ իր կուսակցության մոտեցումները:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

Այս համատեքստում Դեսպան Չարչօղլյանը զրուցակցին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ:

Դեսպանը ներկայացրեց նաև ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ճանապարհին դրանց կարևորությունը, ինչպես նաև նոր ընտրական օրենսգրքով իրականացրած բարեփոխումները:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների միջև միջխորհրդարանական և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում