Նախարար Աղաբալյանը պարգևատրել է Արցախի լավագույն մանկավարժներին

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն՝ նվիրված Ուսուցչի տոն օրվան: Միջոցառմանը պարգևատրվել են այն ուսուցիչները, ովքեր ԱՀ ԿԳՍ նախարարության կողմից հայտարարված «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն զինղեկ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի անվանակարգերում առաջին տեղ են գրավել. հայտ ներկայացրած 18 հոգուց 10-ը հաղթող է ճանաչվել:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ողջունելով ու շնորհավորելով մանկավարժներին՝ շնորհակալություն է հայտնել բոլոր այն ուսուցիչներին, ովքեր զինվորագրվել են մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին: «Այսօր մենք գնահատում ենք լավագույններին, բայց այս տոնն առիթ է, որ մեր երախտագիտւթյունը հայտնենք նաև նրանց, ովքեր պատվով են շարունակում իրենց մեծ առաքելությունը: Անգամ պատերազմի տարիներին մեր ուսուցիչները նկուղներում չեն դադարեցրել իրենց մանկավարժական գործունեությունը: Այսօր և միշտ մենք պետք է կարողանանաք կրթել ու դաստիարակել այնպիսի սերունդ, որը պատրաստ կլինի վաղվա մարտահրավերները հաղթահարել: Այս թոհ ու բոհի մեջ՝ հարափոփոխ աշխարհում,պետք է այնպիսի կրթված սերունդ դաստիարակենք, որն իր ստացած գիտելիքները կկարողանա կյանքում լիարժեք օգտագործել: Մենք հպարտ ենք մեր երիտասարդ սերնդով. նրանք ապրիլյան իրադարձությունների ժամանակ ապացուցեցին, որ իրենք դաստիարակված ու հայրենասեր հայորդիներ են՝ պատրաստ հերոսության ու անձնազոհության»,- ասել է Նարինե Աղաբալյանը:

«Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան N 4 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նորա Թամրազյանը. նա պարգևատրվել է նախարարության պատվոգրով և ստացել 300 հազար դրամ: «Մեր հասարակությունը նվիրյալ ուսուցիչների կարիք շատ ունի: Ուսուցիչը կոչված է իր աշակերտին կրթելու, դաստիարակելու այնպես, որ դպրոցն ավարտած ցանկացած մարդ պատրաստ լինի պաշտպան կանգնել հայրենիքին,լինի մեր նորանկախ հանրապետության արժանի քաղաքացի: Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Ցանկանում մեր երկրին խաղաղություն, որ խաղաղ պայմաններում մատաղ սերունդը կարողանա լիարժեք կրթություն ու դաստիարակություն ստանա»,- ըստ էության նշել է Ն. Թամրազյանը:

«Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգում հաղթող ճանաչված Մարտունու N 1 պետական մանկապարտեզի դաստիարակ Ալինա Հայրապետյանը ևս պարգևատրվել է նախարարության պատվոգրով և ստացել 105 հազար դրամ: Ալինա Հայրապետյանն ասել է, որ շատ ուրախ ու հպարտ է նման պարգևի արժանանալու համար: «Դաստիարակությունն սկսվում է հենց մանկապարտեզից: Մենք հոգով ենք կապված երեխաների հետ: Մանուկների աշխարհը մաքուր է, պարզ ու հեքիաթային: Երեխաների ապրումներով ու հույզերով ոգևորված՝ մենք մանկապարտեզում ևս մանկանում ենք, դառնում նրանց ընկերները»,- մասնավորապես նշել է Ալինա Հայրապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում