Մեզ մոտ ֆուտբոլային անկումը սկսվել է շատ ավելի վաղուց, քան կարելի է պատկերացնել

Թեպետ Հայաստանը երբեք ֆուտբոլային գերտերություն չի եղել, բայց այնուամենայնիվ մենք ունեցել ենք գեղեցիկ ֆուտբոլային ավանդույթներ, մշակույթ ու պատմություն: Ունեցել ենք ֆուտբոլային դպրոց, որը մշտապես ապահովել է հայկական ֆուտբոլի շարունակականությունը:

Դեռևս շատ չի անցել խորհրդային ժամանակներից ու բացի անկախության սերնդից, բոլորը կհիշեն, որ ցանկացած հանդիպում ուղեկցվում էր լեփ լեցուն հանդիսատեսներով: Մարդիկ պարզապես ապրում էին ֆուտբոլով: Այժմ նույնպես մարդիկ ապրում են ֆուտբոլով, սակայն հայկական ֆուտբոլն այլևս գոյություն չունի: Այն ինչ այսօր կա, ֆուտբոլ անվանելը պարզապես զավեշտ է:

Բայց դրանում մեղավոր են անխտիր բոլորը, ովքեր կապ ունեն ֆուտբոլի հետ: Առաջին հերթին մեղավոր է ֆուտբոլային ղեկավարությունը, հետո երկրի բարձրագույն իշխանությունը, որը իր անտարբերությամբ ֆուտբոլը հանձնել է մեկ մարդու գերիշխանությանը, ինչի արդյունքում մենք ունենք խայտառակ պատկեր: Մեղավոր են նաև ֆուտբոլիստները, թեպետ նրանց մեղավորություն ամենափոքրն է, բայց այնուամենյնիվ մեղավոր են և նրանք:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ներքին առաջնությունը չի հետաքրքրում աշխարհին, թեպետ այն իր ցածր մակարդակի պատճառով չի հետաքրքրում նաև հայաստանցիներին ու դժվար է պատկերացնել, որ որևէ եվրոպական ակումբի սկաուտներ կժամանան Հայաստան հետևելու մեր ներքին առաջնությանը: Բնականաբար մեր ֆուտբոլիստների համար միայն միջազգային խաղերն են այն հարթակը, որտեղ կարող են հայտնվել ուշադրության կենտրոնում ու եվրոպական ակումբներ տեղափոխվելու հույս ունենալ: Անշուշտ նրանց մեծամասնությունը խաղում է Հայաստանից դուրս, սակայն այն ակումբները, որոնք ներկայացնում են, նույնպես առանձնապես մեծ համարում չունեն ու նույնպես գտնվում են սկաուտների հիմնական ուշադրությունից այն կողմ:

Բայց ինչևէ, խաղում են այնքան, որքան կարող են ու հետևաբար ֆուտբոլի զարգացումը դրված է ոչ թե նրանց ուսերին, այլ ֆուտբոլային ղեկավարության: Այսօրվա պարտությունը լեհերից ֆուտբոլային ողբերգություն կարելի է համարել ոչ թե բուն պարտության, այլ անհույս ապագայի առումով: Պարտվել կարող են բոլորը, այդ թվում և խոշոր հաշվով: Չմոռանանք, որ դեռևս ոչ վաղ անցյալում ֆուտբոլային գերաստղ Բրազիլիան խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային: Ընտրական փուլի արգելքը չհաղթահարել նույնպես կարող են բոլորը: Փաստենք, որ աշխարհում եթե չեմ սխալվում միայն Բրազիլիան է, ով անխտիր մասնակցել է աշխարհի բոլոր առաջնություններին: Բայց յուրաքանչյուր ֆուտբոլային քիչ թե շատ պատմություն ունեցող երկիր, դրանից հետո արել է հետևություններ, շտկումներ ու հաջորդ մրցաշարերին ներկայացել նոր դեմքով ու կազմով:

Սակայն մեզ մոտ ֆուտբոլային անկումը սկսվել է դեռևս շատ ավելի վաղուց, քան կարելի է պատկերացնել: Նորանկախ Հայաստանում ֆուտբոլին առաջին հարվածը հասցվեց այն ժամանակ, երբ «Հրազդան» և Հանրապետական մարզադաշտերը վերածվեցին տոնավաճառների: Առաջին հայացքից թվում է դա հնարավոր է անմիջական կապ չունենա ֆուտբոլի հետ, որովհետև ցանկության դեպքում կարելի է լավ խաղալ, առանց հաշվի առնելու մեր մարզադաշտերի անհեթեթ կարգավիճակը: Սակայն դա այդպես չէ: Դա վառ ապացույցն է մեր ֆուտբոլի նկատմամբ ունեցած անլուրջ վերաբերմունքի: Լավ աշխատելու համար ոչ միայն պետք է տաղանդ ու աշխատասիրություն, այլ նաև այդ ամեն ինչին նպաստող մթնոլորտ ու միջավայր: Հնարավոր չէ լավ աշխատել, երբ աշխատավայրդ ավերված է:

Այնուհետև դրան հաջորդեցին ներքին առաջնությանը մասնակցող ակումբների նկատմամբ կամայական մոտեցումներն ու անձնական շահից ելնելով այս կամ այն ակումբին գերիշխող կարգավիճակի շնորհումը: Բնականաբար դա չէր կարող չսպանել ֆուտբոլը, դա չէր կարող չազդել ոչ միայն արդեն դաշտում խաղացող ֆուտբոլիստների, այլ նաև ֆուտբոլային կյանք մուտք գործող պատանի սերնդի վրա:

Երբ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը արգելում է հավաքականի առաջատար ֆուտբոլիստների հրավերքը հավաքական ու երբ այդ արգելքը անկարող են լինում հաղթահարել նույնիսկ մարզիչները, ապա դա նաև հարված է մարզչական հեռանկարին, քանի որ որևէ իրեն հարգող արտասահմանցի մասնագետ չի ցանկանա հայտնվել ստրկական կարգավիճակում ու ընդունել մեկ մարդու թագավորական գերիշխանությունը:

Արգելելով Յուրա Մովսիսյանի ու Ռոբերտ Արզումանյանի մուտքը հավաքական, դրանով թիմը ոչ միայն դարձավ անատամ, այլև ստեղծվեց բարոյահոգաբանական անառողջ մթնոլորտ: Իվերջո Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը սոսկ անհատներ են ու կարող են և սխալվել կամ ինչ որ ժամանակահատված ցույց չտալ այն խաղը, որը ակնկալվում է: Թեպետ չմոռանանք, որ վերջին անգամ Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 30-րդ հորիզոնականն էր զբաղեցրել, երբ նշված ֆուտբոլիստները ապահովում էին հարձակման գիծը:

Սակայն շեշտում եմ, որ հարցը միայն անհատները չեն: Խնդիրը այն ճնշող մթնոլորտն է, որն առկա է մեր ֆուտբոլում: Ցանկացած նմանատիպ իրավիճակ սպանում է ֆուտբոլային մշակույթը, սպանում է խաղալու ցանկությունն ու կոտրում հնարավոր մոտիվացիան: Ցանկացած նմանատիպ քայլ կոտրում է նաև գալիք սերունդների ֆուտբոլով լրջորեն զբաղվելու ցանկությունը: Քանի որ որևէ մեկը չի ցանկանա Հայաստանում զբաղվել մի բանով, որը հեռանկար չունի ու ողջ մանկությունն ու պատանեկությունը վատնել միայն այն հույսով, որ հնարավոր է ինքն էլ մի օր Հենրիխ Մխիթարյանի պես հանդես գա եվրոպական գրանդ ակումբում:

Որքան էլ չարագուշակ թվա, քանի դեռ ֆուտբոլային ֆեդերացիան գտնվում է այսօրվա ղեկավարության ձեռքին, քանի դեռ թիմում տիրում է նման ճնշված մթնոլորտ, քանի դեռ ներքին առաջնությունը գտնվում է նման խղճուկ վիճակում, քանի դեռ մեզ՝ երկրպագուներիս պատում է ավելացող հուսահատությունը և մինչև երկրի բարձրագույն իշխանությունը գործնական, հստակ ու արմատական քայլեր չձեռնարկի իրավիճակը շտկելու, Հայաստանի հավաքականը երբեք չի մասնակցի որևէ միջազգային մրցաշարի փլեյ օֆֆ խաղերին, իսկ Հենրիխ Մխիթարյանը կլինի առաջին ու վերջին մարդը Հայաստանից, ով կխաղա եվրոպական գրանդ ակումբում:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում