Հայաստանը հիանալի հարթակ կարող է հանդիսանալ մեր բարեկամների համար. ՀՀ վարչապետ
Նմանատիպ
Երևանում անցկացվող Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային և Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ համաժողովին ներկա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակիցներին ողջունելուց և արդյունավետ օր մաղթելուց հետո անցավ համաժողովի հիմնական նպատակներին: «Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այսօր հիանալի հարթակ կարող է հանդիսանալ մեր բարեկամների համար և այդ առումով կարող է դիտարկվել ոչ միայն հայաստանյան ներքին շուկան. այն հարթակ կարող է հանդիսանալ մեր հարևան երկրի՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում: Մոտ ապագայում կավարտենք Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կառուցման հետ կապված աշխատանքները և Իրանի հետ կպայմանավորվենք սահմանին հատուկ ռեժիմով աշխատելու մասին»,-իր խոսքում նշեց ՀՀ վարչապետը` հույս հայտնելով, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի ունեցած GPS 7 GPS+ արտոնյալ ռեժիմները ևս կքննարկվեն համաժողովի աշխատանքների ընթացքում:
Կարեն Կարապետյանը ողջունելի համարեց ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ունեցած ապրանքաշրջանառության աճը` ընդգծելով հատկապես ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հանրավորության ընձեռումից հետո զբոսաշրջության ոլորտում արձանագրված 37 տոկոս աճը:
Հիշեցնենք, որ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովին մասնակցում են ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահ Ուլանբեկ Ռիսկուլովը, կառավարական շրջանակների այլ ներկայացուցիչներ, գործարարներ, խոշոր ֆինանսական և այլ ընկերությունների ղեկավարներ, մեծ թվով հյուրեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում