Արմենուհի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին ոտաբոբիկ է հասել Ծիծեռնակաբերդ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» ղեկավարից հետո ելույթ է ունեցել նրա կինը` Արմենուհի Հովհաննիսյանը: Տիկին Արմենուհին պատմել է, որ ապրիլի 9- ին ինքը կորցրել է իր ամենասիրելի կոշիկները, բայց շնորհակալ է. դրա շնորհիվ ինքը ոտաբոբիկ է հասել Ծիծեռնակաբերդ:

«Ես բոբիկ քայլում էի փողոցներով ու մտածում էի՝ ինչքան խորհրդանշական է, որ ես բոբիկ ոտքերով պետք է բարձրանայի Ծիծեռնակաբերդ: Դրա համար ես ուզում եմ ասել՝ շնորհակալություն: Շնորհակալություն Րաֆֆիին, որ տվեցիք այդ առիթը», ասաց Ր. Հովհաննիսյանի կինը:

Տիկինն անդրադարձավ նաեւ այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են իր որպիսությամբ եւ շնորհակալություն հայտնեց այդ մտահոգության համար:

Այնուհետ խոսելով ապրիլի 9-ին իր հանդեպ բռնություն կիրառած ոստիկանների մասին, նա ընդգծեց, որ «այդ երեխաները մեղք չունեին և նրանց աչքերն էլ ավելի սարսափած են եղել, քան իր աչքերը»:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինս հայտարարեց, որ ապրիլի 9-ին իրենք հռչակել են «Նոր Հայաստան»:

«Մենք երդվեցինք, որ չենք նահանջելու, չենք վաճառվում, մենք այնպիսի երդում տվեցինք, որն աննախադեպ էր, և երբ մի խումբ մարդիկ տխրության մեջ կեղծ երդում էին տալիս, մենք հաղթեցինք»,- ասաց նա:

Փոստանջյանն իր խոսքում նշեց նաեւ, որ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը որպես զինվոր առաջնորդում էր իրենց հաղթանակը: «Հենց դա է, որ մենք ունեցանք Նոր Հայաստանի երդումը, չունեցանք զոհեր, բայց ունենք Նոր Հայաստանի համար հաղթական քաղաքացիներ», ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում