Վահե Գևորգյանց. ՀՀ-ում կինոն չի զարգանում ավագ ու երիտասարդ սերնդի միջև կապի բացակայության պատճառով

Ռեժիսոր Վահե Գևորգյանցը հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միության համագումարում հանդես է գալու որպես միության նախագահի թեկնածու: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Կան մի շարք գործեր, որոնք պատրաստվում եմ անել նախագահ ընտրվելու դեպքում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վ. Գևորգյանցը:

Առաջին հերթին նա ցանկանում է կապ ստեղծել ավագ ու երիտասարդ սերնդի միջև, քանի որ, նրա կարծիքով, Հայաստանում կինոն չի զարգանում հենց այդ կապի բացակայության պատճառով:

«Ես ինքս շատ բան սովորել եմ մեծերից, մեծ կինոգործիչների հետ շփումներից: Այսօրվա երիտասարդը, եթե շատ շփվի նրանց հետ, որոնք շատ են Կինոմիությունում, հայկական կինոն կզարգանա, կստեղծվի սերունդ: Մենք հիմա չունենք ապագա սերունդ, որը կինո է ստեղծելու: Կինոյի զարգացման ամենակարևոր քայլը, իմ կարծիքով, դա է՝ ստեղծել սերունդ»,- ասաց կինոռեժիսորը:

Նա կարևոր է համարում կինոյի մասին թերթի ստեղծումը, որտեղ բոլոր կինոգործիչները կարող են իրենց կարծիքը հայտնել այն ֆիլմերի մասին, որոնք գալիս են կամ ստեղծվում են Հայաստանում. «Մենք ունենք մեծ ռեսուրս՝ կինոգետներ, կինոռեժիսորներ, ովքեր իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունեն, սակայն չեն կարողանում, քանի որ թերթ չունենք, որը զուտ կինոյի թեմաներին նվիրված կլինի»:

Վահե Գևորգյանցն ասաց, որ իր ծրագրում կարևորել է նաև սոցիալական աջակցությունը՝ սոցփաթեթի ավելացում, թոշակների ավելացում, անվճար իրավաբանական ծառայությունների մատուցում Կինոմիության անդամներին:

Նա կարևորում է նաև օտարերկրյա կինոմիությունների և միջազգային կինոկառույցների հետ կապերի խորացումը:

«Ես ունեմ յոթ ֆիլմ, որոնք արել եմ եվրոպական, ամերիկյան տարբեր ֆոնդերի միջոցով: Կապեր ունեմ այդ ֆոնդերի հետ: Իրենք տալիս են բանաձևը՝ ինչն է իրենց հետաքրքրում:

Եթե իրենց պահանջը, հետաքրքրությունը համընկնում է մեր ուզածի հետ, այդ ժամանակ մենք այդ ֆիլմն անում ենք: Շատ անգամ եղել է, որ պատվիրել են ֆիլմ, սակայն մեր տեսակետների հետ չի համընկել, մենք հրաժարվել ենք»,- ասաց Վահե Գևորգյանցը:

Խոսելով «Կինոյի մասին» օրենքից, որի նախագիծն այժմ քննարկումների փուլում է, նշեց, որ Կինոմիությունն ակտիվ մասնակցում է այդ քննարկումներին:

«Համարում եմ, որ հենց մենք՝ Կինոգործիչների միությունը, պետք է ուղի ցույց տա, խորհուրդ տանք, թե ինչպես գրել այդ օրենքը, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե ինչ է պետք մեր կինոյին: Կարծում եմ՝ նախարարությունը մեր հետ երկար քննարկելուց հետո կընդունի ճիշտ օրենք»,- հավելեց ռեժիսորը:

Նաև հավելեց, որ Կինոմիությունը ֆիլմերի ստեղծմանը չի խառնվում, կինոարտադրությամբ չի զբաղվում, բայց կարող է խորհուրդ տալ. «Կինոռեժիսորը, պրոդյուսերը կարող է բերի սցենարն ու հարցնի՝ դուք արհեստավարժ եք, ի՞նչ անել, որ ավելի լավը լինի: Այդ ֆունկցիան մենք մեզ վրա կարող ենք վերցնել, պետք է վերցնենք:

Կինոմիությունը ստեղծված է, որ օգնի կինոարտադրողին: Այսինքն՝ մենք կարող ենք աջակցել, խորհուրդ տալ, օգնել»:

Նշենք, որ այս պահին բացի Վահե Գևորգյանցից, կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու հանդես գալու մասին հայտարարել են նաև կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» արդեն նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը:

«Այս պահին երեք թեկնածու է հայտնի: Իհարկե, համագումարի ժամանակ ամեն մեկը կարող է առաջարկել թեկնածու: Օրենքը թույլ է տալիս»,- ասաց Վ. Գևորգյանցը:

Հարցին, թե ո՞րն է ձեր առավելությունը մյուս թեկնածուների համեմատ, նա պատասխանեց. «Չի լինում լավը կամ վատը: Լինում է ուրիշ: Ես ունեմ մի տեսակետ, մյուսը՝ այլ տեսակետ: Ուղղակի կինոգործիչները պետք է ընտրեն, թե ում տեսակետն է իրենց հարմար:

Կինոմիությունը ժամանակին ստեղծել է իմ պապը, այնուհետև շարունակել է իմ հայրը: Ես, համենայնդեպս, հստակ կարող եմ ասել, որ կպահպանեմ այն, ինչ որ հիմա կա, պատվախնդրության հարց է: Իհարկե, այլ բան է, որ կավելացնեմ, կշատացնեմ, կակտիվացնեմ այդ ամեն ինչը: Բայց պահպանելն արդեն քիչ բան չէ»:

Վահե Գևորգյանցը նաև ասաց, որ այլ թեկնածուի ընտրվելու դեպքում պատրաստ է շնորհավորել ու նրա հետ աշխատել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում