Նախարար նշանակվելուց հետո համակարգը լցրել է ծանոթ-հարազատներով

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախարար նշանակվելուց հետո համակարգը լցրել է հարազատներով:

Տեղեկացանք, որ Ասատրյանի աները՝ Լեւոն Պետրոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետի պաշտոնն է զբաղեցնում: Պետրոսյանը, իր թիկունքն ամուր համարելով, բավական կոշտ մեթոդներով է աշխատում՝ հարուցելով աշխատակազմի դժգոհությունը: Արտեմ Ասատրյանի կնոջ քույրը՝ Պերճուհի Պետրոսյանն էլ կենսաթոշակային համակարգի իրազեկման եւ հանրային իրազեկման կենտրոնում է աշխատում:

«Ինչո՞ւ եք Ձեզ շրջապատել բարեկամներով». «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մի պահ շփոթվեց, այնուհետեւ պատասխանեց. «Իրականում նման բան չկա»: Մինչդեռ փաստերն այլ իրողության մասին են վկայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում