Իմ «կուսակցական» հետագիծը

«Առավոտի» այսօրվա խմբագրականու թերթի գլխավոր խմբագիրը գրել է. «Իմ կուսակցական դառնալու մասին շատ «մոտավոր» խոսակցություններ կային ուսանողական տարիներիս: Ես լենինյան թոշակառու էի, և ինձ ասացին, որ պատշաճ կլինի, եթե կոմունիստ դաոնամ: Չեմ ուզում ձևեր թափել, թե շատ էի ընդդիմանում այդ գաղափարին’ սկսեցի հետաքրքրվել, և ինձ շատ արագ բացատրեցին’ որպեսզի ուսանողը դառնա կուսակցական, նա պետք է կաշառք վճարի 300 ռուբլի, այսինքն’ իմ երեք ամսվա լենինյան թոշակը (գյուղացին, զինծառայողը և հատկապես բանվորը կոմունիստ էին դառնում ձրի): Ես, բնականաբար, չէի պատրաստվում նման գումար ծախսել ինչ-որ անհասկանալի նախագծի վրա’ 1981-82 թվականներին 100 ռուբլին փոքր գումար չէր: 1992-94 թվականներին, երբ ես ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էի, որոշ ուղղափառ ՀՀՇ-ականներ դժգոհում էին, թե ինչու է այդ կարևոր պաշտոնը զբաղեցնում անկուսակցական մարդը, որը կարող է ծպտված «դաշնակ» լինել (այն ժամանակ իշխանության համար ամենավատ մարդիկ «դաշնակներն» էին): Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը, ի պատիվ իրեն, այդ խոսակցությունները բանի տեղ չէր դնում: ՀՀՇ-ի գաղափարախոսությանը ես համակրում էի ու այսօր էլ ինչ-որ չափով շարունակում եմ համակրել’ հենց այդ պատճառով եմ անցած նախագահական ընտրություններում ձայնս տվել Հրանտ Բագրատյանին: Ցավալի է, որ ՀՀՇ կուսակցությունը լուծարվել է, իսկ ՀԱԿ-ն ինչ է դառնալու, դեռ պարզ չէ’ համենայն դեպս, ազատականության մասին նորաստեղծ կուսակցությունում կարծես թե առանձնապես չեն խոսում: Բայց 90-ականների աոաջին կեսին ես չդարձա այդ կուսակցության անդամ, որովհետև Արամ Մայիլյանի, Հովհաննես Իգիթյանի նման զուսպ, բանական գործիչների կողքին այնտեղ կային «բազեներ»’ Ալբերտ Բաղդասարյանի և լուսահոգի Էդուարդ Եգորյանի նման, որոնք, ճիշտ է, հետո վերանայեցին իրենց դիրքերը : Ինձ, անկախ կուսակցական պատկանելությունից, միշտ դուր են եկել չափավորները’ «բազեների» էբզալտացիան ինձ հոգեհարազատ չէ: Այդքանով սահմանափակվում են իմ «հեռավոր» առնչությունները կուսակցությունների հետ: Բացի վերը բերված հանգամանքներից’ կա երկու սկզբունքային պատճառ, թե ինչու ես կուսակցական չեմ: Առաջինն այն է, որ Հայաստանում ինչպես և, հավանաբար, այլ հետխորհրդային տարածքում ընդունված է, որ դու պիտի հիանաս քո կուսակցական լիդերի ամեն մի քայլով և , անկախ նրանից’ դա քեզ դուր է գալիս թե ոչ, պարտավոր ես նրան փառաբանել: Անձի պաշտամունքի տարրեր կան մեր բոլոր կուսակցություններում:
Երկրորդ պատճառը մասնագիտական է. հնարավոր չէ աշխատել լրագրող և կուսակցական լինել, որովհետև անկախ քո մտադրությունից’ քո ամեն մի խոսքը ընկալվելու է որպես կուսակցական քարոզ: Ենթադրենք, դու գրում ես’ «Բարսելոնան» ավելի լավ է խաղում, քան «Ռեալը»: Անպայման կհայտնվի որևէ «չուզող», որը կհարցնի’ «իսկ դուք համաձայնեցրե՞լ եք ձեր դիրքորոշումը ձեր սկզբնական կուսակցական բջիջի հետ»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում