Հայաստանում աղանդների տարածումը սպառնալի ձևեր է ընդունում

Հայաստանում գործող աղանդավորական տարաբնույթ կազմակերպությունների ծավալած գործունեությունը վտանգավոր ու սպառնալի ձևեր է ընդունում: Դրսի ուժերի կողմից կառավարվող հոգևոր ոլորտի զենքը’ աղանդը, հրապարակ է նետվել ու կատաղի պայքար է մղում մեր պետական կրոնի, Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ ոտնահարելով հայ ժողովրդի ազգային, պետական ու հանրային շահերը:

Աղանդավորական կառույցների ցանցում առավել հեշտությամբ հայտնվում են Հայաստանի գյուղերի ու փոքր քաղաքների բնակիչները: «Հայոց աշխարհ»-ը գրում է, որ պատկերը խիստ մտահոգիչ է Չարենցավան քաղաքում: Առանց այն էլ արտագաղթից դատարկված քաղաքում չկա մի ընտանիք, որի անդամները որևէ աղանդավորական կառույցի հետևորդ չլինեն:

Ցավոք, այս պատկերը միայն Չարենցավանին բնորոշ երևույթ չէ: Աղանդավորական կազմակերպություններն ամուր հաստատվել են նաև Վանաձորում, Ստեփանավանում, Աշտարակում, Արտաշատում, Սյունիքի մարզի տարբեր քաղաքներում ու գյուղերում: Կան գյուղեր, որոնք ամբողջությամբ ընդգրկված են այս կամ այն աղանդի ցանցում: Եվս 1-2 տարի, ու անկարող կլինենք կասեցնել անկումը: Եվ չնայած օրեցօր ահագնացող վտանգին, առ այսօր վերջնականորեն ձևավորված չէ անգամ աղանդավորական կառույցների հետ հարաբերվելու իրավական դաշտը, էլ ուր մնաց, որ ի զորու լինենք նրանց դեմ պայքարելու: Չունենք փորձագետներ, չկան ոլորտի մեջ մասնագիտացած իրավաբաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում