Ռուբէն Նաճարեանի «Գոյնէն անդին» ցուցահանդեսը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հոկտեմբերի 9-ից ներկայացնելու է Ռուբէն Նաճարեանի «Գոյնէն անդին» անհատական ցուցադրությունը։ Թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, «Գոյնէն անդին» ցուցադրանքում ընդգրկված է Ռուբէնի ստեղծագործական վերջին ժամանակաշրջանի (1990-2015 թթ.) ընթացքում ստեղծված մատիտանկար աշխատանքների մի փունջ։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Ռուբէնի գծանկարներն առանձնանում են իրենց ինքնատիպ ոճով թե՛ իրականությունը պատկերելու յուրօրինակ մոտեցմամբ` աշխարհը ներկայացնելով նոր հայացքով, թե՛ իր գործածած նյութով` մատիտով։ Արվեստագետը ներկայացնում է իր գծանկարները որպես ավարտուն ստեղծագործական նկարներ։

Ռուբէն Նաճարեանն ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Գեղարվեստական նախնական կրթությունը ստացել է Բեյրութում (ներքին դիզայն մասնագիտությամբ), ապա տեղափոխվել է Փարիզ՝ ուսումը շարունակելու։

Ռուբէնը մասնագիտացել է նկարչության և որմնանկարչության ճյուղերում։ Ունի նաև արվեստի պատմության վկայական։ Նա արժանացել է Henri Lehmann նկարչական մրցանակին Institut de France-ի կողմից: Տարիներ շարունակ ստեղծագործելով այս ոլորտներում, հեղինակել է բազմաթիվ աշխատանքներ Ֆրանսիայում, Պարսից ծոցի երկրներում, Սինգապուրում և Բրունեյում։

Իր ջրանկարներով, յուղանկարներով և գծանկարներով Եվրոպայի տարբեր քաղաքներում հանդես է եկել հավաքական և անհատական ցուցահանդեսներով։ 1990-ից ի վեր Ռուբէնը կենտրոնացել է մատիտանկար գծանկարների վրա։

Ցուցադրության համադրողն է Նայիրի Խաչատուրեանը։ Այն կշարունակվի մինչև 2018 թ. փետրվարի 9-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում