«Ես եմ» ծրագիրը որակապես կփոխի առաջնագծում ծառայության ընդհանուր մթնոլորտի պատկերը. Վիգեն Սարգսյան

«Ես եմ» ծրագիրը որակապես կփոխի առաջնագծում ծառայության ընդհանուր մթնոլորտի պատկերը. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ակնկալում է, որ «Ես եմ» ծրագրի արդյունավետ զարգացման պարագայում ծրագրի իրականացման երրորդ տարում առաջնագծում կլինեն միմիայն այս ծրագրով զորակոչված քաղաքացիներ: Պաշտպանության նախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում եւ հավելեց, որ ծրագիրը որակապես կփոխի առաջնագծում ծառայության ընդհանուր մթնոլորտի պատկերը:

«Ծրագրի հիմնական նպատակը պետք է լինի առաջնագիծը կամավոր ընտրած շարքային կարգի ձեւավորումը, սոցիալական վերելակի ստեղծումը երեք հիմնական սոցիալական ուղղվածության ծրագրերի ներդրմամբ. բնակարանային, կրթական, այսինքն՝ գումարը, որով կարող ենք փոխհատուցել ուսման վարձը, եւ գյուղատնտեսական, այսինքն՝ երբ այդպիսի ծառայություն անցած քաղաքացուն թույլ է տրվում այդ գումարն օգտագործել փոքր գյուղատնտեսական գործունեություն ծավալելու, օրինակ՝ ջերմոց կամ փոքր անասնաֆերմա ունենալու համար: Քննարկումների ընթացքում բազում առաջարկներ են հնչել այլ ուղղություններով ծրագրի կուտակածն օգտագործելու համար: Մենք բաց ենք այդպիսի քննարկումների համար: Օրենքը նախատեսում է, որ ծրագրերը սահմանվում են Կառավարության կողմից: Ժամանակ դեռ ունենք ավելի մանրամասն այն քննարկելու համար»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակներից է նաեւ հասարակություն-բանակ կապի ամրապնդումը:

«Քանի որ այս տեսակով ծառայություն անցնող մեր զինվորները յուրաքանչյուր ամիս ստանալու են մեկ շաբաթ արձակուրդ, այսինքն՝ մեկ շաբաթ տանն են անցկացնելու, մեկ շաբաթ զորամասում պատրաստվելու են մարտական հերթապահության, իսկ անմիջապես հաջորդ երկու շաբաթներն անցկացնելու մարտական հերթապահությունը: Ինչո՞ւ եմ ես ասում հասարակություն-բանակ կապի ամրապնդում, քանի որ զինվորների՝ այդ մեկ շաբաթում ընկերների, ընտանիքի հետ շփվելու պարագայում ձեւավորվելու են շատ ավելի մեծ թափանցիկություն եւ քաղաքացիական վերահսկողության հնարավորություն Զինված ուժերի նկատմամբ, այսինքն՝ ստեղծվելու է հնարավորություն՝ վեր հանելու խնդիրներ դրանց ձեւավորման պահին, այլ ոչ թե ծառայության ավարտին: Կարծում եմ՝ սա իրոք մեծ նշանակություն ունի»,- նշեց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ ժամկետային ծառայության պարտավորություն ունեցող քաղաքացիներին հնարավորություն է տրվելու անմիջապես անցնել պայմանագրային ծառայության եւ ստանալ որոշակի փոխհատուցում, եթե նրանք առաջնագծում ծառայությունն ընտրում են կամավոր հիմունքներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում