Երևանցին պետք է գիտակցի, որ ինքն է քաղաքի տերը.Արմեն Երիցյան

Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանն այսօր բակային հանդիպում ունեցավ Շենգավիթ համայնքի ընտրողների հետ:

«Գտնում եմ, որ այստեղ անելիքներ շատ ունենք: Պետք է այնպես անենք, որ քաղաքը համաչափ զարգանա: Համայնքներում պետք է լինեն և՛ նախարարություններ, և՛ գերատեսչություններ, որ մարդիկ աշխատատեղ ունենան»,-ասաց նար հավելեց, որ ինքն էլ Շենգավիթ համայնքի բնակիչ է:

Ըստ Արմեն Երիցյանի` երևանցին պետք է գիտակցի, որ ինքն է քաղաքի տերը:

Նա կարևորեց քաղաքի բնակիչների և քաղաքապետի ու թաղապետերի մշտական անմիջական կապը, երբ քաղաքապետը եռամսյակը մեկ պետք է հաշվետվություն ներկայացնի, թե որքան գումար կա մայրաքաղաքի բյուջեում և ինչի վրա է ծախսվում այդ գումարը:

Նախարարի պաշտոնակատարը անդրադարձավ նաև բազմաբնակարան շենքերի շինարարությանը և նշեց, որ էլիտար շենքեր են միայն կառուցվում և միայն Երևանի կենտրոնում, սակայն համայնքներում ևս պետք է կառուցվեն նոր շենքեր, որոնք առանց կանխավճարի և գրավի երկարաժամկետ վարկեր ձեռք բերելու միջոցով մատչելի կլինեն քաղաքացիներին:

«Բոլոր կուսակցություններն այսօր ներկայացնում են շատ սիրուն ծրագրեր, բոլորն էլ համարյա նույնն են, բայց ծրագրերի բովանդակությունը չի հարցը, այլ այն, որ պետք է այդ ամենը կյանքի կոչել: Շատ ծրագրեր ու օրենքներ ենք տեսել, որ ի ծնե մահացած են եղել: Պետք է պարզապես այդ ծրագրերը կյանքի կոչել և դա պետք է անենք միասին»,- նշեց Արմեն Երիցյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում