Համընկումներ
Նմանատիպ
Մեր աչքերին քող է հյուսված,
Ու զննում ես շուրջդ միշտ դու,
Եվ ուրիշի տեսողությամբ
Քո քողարկված կյանքը դիտում:
Եվ հին արյամբ չափում, կրկին,
Ուղիները քո դեմ ընկած,
Եվ երակն ես մտնում կյանքի
Այն հայացքով, այն հայացքով որ համընկավ:
Թափառում ենք երկար – երկար,
Եվ չգիտենք ուր ենք քայլում,
Ժամանակի խոր կտավին
Լոկ պատկերներն են մեր մուքանում:
Երկինքն իբրև մի մրաներկ,
Փողոցն իբրև ճեպանկար,
Եվ նա իմ կյանքն է նկարում,
Այն գծերով, այն գծերով, որ համընկան:
Նոր հուներ է կյանքը մտնում,
Եվ հոսում է հույզը հանգիստ,
Լող են տալիս իր լուծույթում
Աշխարհները նրբերանգի:
Եվ խռովքի քամուց հազիվ
Փռփռում են ջրերն հանկարծ,
Եվ փշրվում են ավազին,
Ալինքները, որ համընկան:
Բերանները այս շատախոս
Եվ խոսքերը լայնաբերան,
Եվ օրերը տագնապալից
Ընծաներով իրենց բերած:
Ո՞վ պիտի մեզ լույս առաքի,
Եվ ո՞վ պիտի հողում պեղի
Այս խորացող պատարագը,
Այս ձայները կորած ցեղի:
Ո՞վ կտանի արյան գետով,
Մոռացության շավղից փրկված,
Հիշողության վեմը կերտող,
Այն ձեռքերը որ համընկան:
Եվ օրերի խորքից անխոս
Մենք անցյալն ենք ոգեկոչում,
Եվ զգում ենք հանկարծ վախով
Թե ինչպես է կապը կորչում:
Քանի կյանքեր են չքացել,
Մենք չգիտենք կանք, թե չկանք,
Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,
Ում հետ մեր բախտը, ում հետ մեր բախտը համընկավ:
Խթանում է թաքուն վախով
Ու ծեփում է կյանքը տարեց,
Ու մնում է միայն աղոտ
Այն երազը, որ կատարվեց:
Խոսք՝ Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ
Երաժշտություն՝ Արթուր ՄԵՍՉՅԱՆ