Ընդդիմությունից շատ բան է կախված.Գառնիկ Իսագուլյան

«Շատ բան է կախված  ընդդիմությունից, քանի որ բոլոր ընտրատարածքներում ընդդիմադիր կամ այլընտրանքային կուսակցություններն ունեն նախագահ կամ քարտուղար»,-խոսելով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին, այս մասին ասաց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Բնական է, որ եթե այդ կուսակցությունները կարողանան միասին մեկ ամսվա ընթացքում ունենալ 1000–ից ավել ակտիվիստներ, որոնք կվերահսկեն գործընթացը, ավագանու ընտրություններին ցուցակների ուռճացման և այլ խնդիրների մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նա, ապա հավելեց, որ մինչև մայիսի 5-ը Երևանում լուրջ փոփոխություններ ակնկալել պետք չէ։

Նա ցավով նշեց, որ ընդդիմադիր դաշտը զբաղված է մեկ խնդրով, թե ում շուրջ համախմբվի, և մինչև այսօր էլ այդ խնդիրը լուծված չէ։ Մինչև 2015 սեպտեմբերի 21-ն, ըստ բանախոսի, քաղաքական լուրջ գործընթացներ կսկվեն, իսկ մեր հարցին, թե ինչու այդ ժամանակ, նա պատասխանեց, որ հստակ հաշվարկներ ունի:

Ըստ Գ. Իսագուլյանի՝ Երևանի ավագանու ընտրություններին «Ազգային անվտանգություն» կուսակցությունը հավանաբար հայտարարություն չի անի՝ ում է աջակցելու, բայց խորհրդարանական ընտրություններին աջակցել են ՀՀԿ-ին, նախագահականին՝ Սերժ Սարգսյանին։

Վերջինս անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն, ասաց, որ թեև նոր որակների և ուղղությունների մասին խոսելը վաղ է, սակայն Հայաստանի արտաքին քաղաքականությունը եթե մնա բազմավեկտոր և բազմաշերտ, երկիրը արտաքին խնդիրներ չի ունենա։

Ներքաղաքական զարգացումներն էլ, ըստ Գառնիկ Իսագուլյանի, բավականին հանդարտ են, և անհանգստանալու խնդիր չունենք։ Ըստ նրա՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած երդմնակալության արարողությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում