ԱԺ-ն բարձր է գնահատում Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսությունը. Էդուարդ Շարմազանով

«Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում գրանցված առաջընթացը խոսում է կողմերի լուրջ համագործակցության մասին եւ ապագայի համար համագործակցության լուրջ հեռանարներ է խոստանում»,-այս մասին ապրիլի 15-ին ԵՄ խորհրդատվական խմբի 12-րդ նիստի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և հավելեց, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցությունը բավականին ընդլայնվել է, եւ կողմերի միջեւ համագործակցության ընդլայնման նոր հեռանկարներ են նկատվում:

Նա նշեց, որ ԱԺ-ն շատ է կարեւորում ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքական երկխոսությունը՝ շեշտելով, որ դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդիր մարմինը ներկայացնող 3 կուսակցություններ՝ ՀՀԿ-ն. ՕԵԿ-ը, եւ «Ժառանգություն»-ը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունում դիտորդի կարգավիճակ են ստացել: Շարմազանովը նշեց, որ Հայաստանի համար շատ կարեւոր է ԵՄ-ի հետ համագործակցության ցանկացած առաջընթաց եւ Հայաստանի օրենսդիր մարմինն իր հերթին ամեն ինչ կանի այդ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց նաեւ, որ իրենք առաջարկել են Հայաստանում Եվրանեսթի լիագումար նիստ անցկացնել, եւ այդ հարցը շուտով կքննարկվի Ստրասբուրգում: «ԵՄ-ն մեր կարեւոր գործընկերներից մեկն է, եւ մենք ամեն հնարավոր քայլ պետք է ձեռնարկենք նրա հետ մեր համագործակցությունը խորացնելու համար»,-ասաց նա:

Խորհրդատվական խումբն իր գոհունակությունն արտահայտեց ԵՄԽԽ-ի կողմից քաղաքականության հարցերի ոլորտում նախորդ տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության վերաբերյալ եւ հաստատվեց 2012թ. տարեկան հաշվետվությունը: ԵՄ խորհրդատվական խումբը ստեղծվել է 2009թ. ապրիլին՝ աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկված քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացմանը: Համաձայն եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի’ ԵՄ խորհրդատվական խումբը բարձր մակարդակի եւ հատուկ մշակված խորհրդատվություն է տրամադրում մարդու իրավունքների, հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների եւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում