Երևանում կտեղադրվի Ընթերցողի արձանը
Նմանատիպ
Պոեզիայի միջազգային առաջին փառատոնի շրջանակներում ապրիլի 20-ին Երեւանի Խնկո Ապոր անվան գրադարանի բակում կբացվի Ընթերցողի արձանը:Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանկ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը և հավելեց, որ Ընթերցողի արձանի բացումը ապրիլի 15-21-ը Երեւանում անցկացվող փառատոնի ամենակարեւոր իրադարձություններից մեկն է:
«Ասում են’ իրական կյանքում պակասում են ընթերցողները, գոնե թող արձանի տեսքով լինի»,- նշեց Անանյանը: Նրա խոսքով’ փառատոնին մասնակից հայ եւ արտասահմանցի գրողներին հագեցած եւ հետաքրքրական ծրագիր է սպասվում:
Նկարիչ, քանդակագործ եւ դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նշեց, որ առաջին անգամ է հեղինակում նման մեծ աշխատանք: «Նախկինում նման մեծ աշխատանք չեմ իրականացրել, սակայն հուսով եմ, որ այս մեկը վերջինը չի լինի»,- ասաց Նուռը: Նա նշեց, որ ընթերցողի հանրահայտ արձաններ կան տարբեր երկրներում, սակայն հայկական տարբերակում դիզայներական լուծումը այլ կերպ է իրականացել:
Մոտ 2,5 մետր բարձրությամբ բրոնզե արձանը կազմված է լինելու գրքերից եւ լուսամփոփից, իսկ գլխավոր հերոսը՝ ընթերցողը, քաղաքացին է լինելու, ով հնարավորություն կունենա ցանկության դեպքում ազատ նստելու քանդակի վրա եւ ընթերցանությամբ զբաղվելու: «Հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է նստել արձանի վրա’ դառնալով ընթերցող, սակայն արձանի իմաստը ոչ թե զուտ նկարվելու մեջ է, այլ իր շուրջը ընթերցանության հրավիրելու»,- պատմեց քանդակագործը: Արձանի տեխնիկական յուրահատկություններից մեկն այն է, որ մարդիկ կունենան հնարավորություն օգտվելու Wi-Fi-ից, որը տանում է դեպի միայն մեկ’ գրադարանի կայք:
Հայաստանի գրողների միությունը ապրիլի 15-21-ը Երեւանում անցկացնում է Պոեզիայի միջազգային առաջին փառատոնը’ «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին «Կասկադ» համալիրում: Փառատոնին մասնակցելու է շուրջ 30 երկրի 100 բանաստեղծ’ 50 մասնակից Հայաստանից եւ Արցախից, 50-ը’ արտերկրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում