Առյուծը և մարդը

Առյուծը և մարդը

Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց. Ինչու՞ եք փախչում և ու՞մ ահից եք զարհուրած փախչում: Եվ նրանք ասացին. Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը: Եվ առյուծն ասաց. Ո՞վ է մարդը և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից: Եվ նրանք ասացին. Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի:

 Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց. Միթե՞ դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին: Եվ նա ասաց. Այո, ես եմ: Առյուծն ասաց. Արի կռվենք:

Մարդն ասաց. Այո, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են: Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք: Առյուծն ասաց. Երդվիր, որ կգաս և ես կլսեմ քեզ: Մարդն երդվեց և առյուծն ասաց. Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:

Եվ առյուծը գոչեց. Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:

Վարդան ԱՅԳԵԿՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում