Չկաս ու չես լինելու
17/10/2017 13:30
Նմանատիպ
Դու չկա՛ս,չկա՜ս…
Եվ առավոտը
Այնպես աղոտ է,
Ասես ցավոտ է:
… ու չե՜ս լինելու:
Եվ հորիզոնն է փակվում իմ առջև:
Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը,
Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը:
Դու չկա՛ս,չկա՜ս…
Եվ օդ է դարձել
Այս համատարած անտեր կարոտը:
… ու չե՞ս լինելու:
Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝
Պիտի բռնկի ինքը վառ օդը:
Դու չկա՛ս,չկա՜ս…
Ինչո՞ւ եմ, սակայն քեզ զգում այնպե՛ս,
Այնպե՜ս եմ զգում, ինչպես երևի
Ոտից նոր զրկվածն զգում է ոտը,
Որ նո՛ւյնպես չկա
Ու չի՜ լինելու…
Պարույր ՍԵՎԱԿ
Հետևեք մեզ նաև Telegram-ում