«ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակ – 2017
Նմանատիպ
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը հայտարարում է, որ «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Անգուլեմի (Ֆրանսիա) անիմացիոն դպրոցի (EMCA – École des Métiers du Cinéma d’Animation) հետ համագործակցության արդյունքում այս տարի ևս՝ արդեն 3-րդ անգամ 2 կրթաթոշակ է սահմանում երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Կրթաթոշակներից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս 2018թ. գարնանը վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։
Դասընթացներից մեկի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա, մյուսի շրջանակում՝ ավանդական 2D անիմացիա, ինչպես նաև CG 2D, 3D, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ։
«ՌեԱնիմանիա» փառատոն PR ծառայությունից հայտնում են, որ «ՌեԱնիմանիա» երիտասարդ անիմատորների վերապատրաստման դասընթացի կրթաթոշակին կարող են դիմել 18-26 տարեկան բոլոր ցանկացողները՝ լրացնելով դիմում-հայտը փառատոնի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։
Կրթաթոշակին կարող են դիմել և ուսման մեկնել բացառապես ՀՀ քաղաքացիներ և միայն «ՌեԱնիմանիա» փառատոնի միջոցով ու երաշխավորությամբ։ Ընտրված մասնակիցներից պահանջվում է իրենց հետ ունենալ անձնական համակարգիչ, դասընթացի համար անհրաժեշտ մնացած բոլոր պարագաները կտրամադրի Անգուլեմի անիմացիոն դպրոցը։ Բացի այդ, մասնակիցները կրթաթոշակի շրջանակում կստանան սոցիալական ապահովագրություն և պարտավորվում են հոգալ միայն իրենց կեցության ծախսը։
Դիմումները կընդունվեն հոկտեմբերի 17-ից 28-ը ներառյալ։ «ՌեԱնիմանիա» փառատոնի ընթացքում կրթաթոշակներին դիմած և ընտրված երիտասարդները պարտավոր են ներկա գտնվել փառատոնի փակման արարողությանը, որի ժամանակ էլ կհայտարարվեն կրթաթոշակին արժանացած երիտասարդ անիմատորների անունները։
«ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակի համար մրցույթն անցկացվում է ամեն տարի։ Կրթաթոշակին աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում