Բուրժուազիան կհոգա Կոնգրեսի ծախսերը

Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարում էր, թե ՀԱԿ-ը չունի բավարար ֆինանսական ռեսուրս. «Մեր ռեսուրսներն էլ սուղ են՝ չեմ թաքցնում, մենք նույնիսկ այն ամենամեծ պաստառներից չունենք Երեւանում, հանրապետությունում: Այդ մեծ պաստառներից յուրաքանչյուրն արժե 500 դոլար՝ մենք ոչ մի պաստառ չունենք: 2008-ին էլ ես չունեի, պատերի վրա էինք փակցնում այդ փոքր պաստառները»,- ասում էր նա: Այդ մասին հիշեցնում է «Ժամանակ» թերթը։

«Անցել է ընդամենը մեկ տարի: Այսօր Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ավագանու ընտրությունների նախաշեմին քաղաքի շատ հատվածներում բիլբորդներ փակցնելու, նաեւ մարզահամերգային համալիրում «շռնդալից» համագումարի բավականին ռեսուրս է ձեռք բերել:

«Ժամանակի» հետ զրույցում «Մեդիա Գրուպ» գովազդային գործակալությունից տեղեկացրին, որ պաստառներ փակցնելու մեկ քառակուսի մետրն արժե 4000-5000 դրամ, իսկ քաղաքի կենտրոնական հատվածներում գինը կարող է հասնել մինչեւ 12.000 դրամի:

Ամենամեծ պաստառները՝ բիլբորդները, 36 քառակուսի մետր տարածք են զբաղեցնում, այսինքն՝ Հայ ազգային կոնգրեսը մեկ տարվա ընթացքում, չգիտես որտեղից, ձեռք բերեց բավականաչափ գումար՝ իրեն նման «ճոխություն» թույլ տալու համար:
Ի դեպ՝ դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ կազմվեց միասնական շտաբը, որի անդամներն էին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ Դաշնակցությունը՝ տեղեկություններ էին շրջանառվում, որ ֆինանսական ամբողջ ռեսուրսն ապահովում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Այսօր էլ, «Ժամանակի» տեղեկություններով, Երեւանի ավագանու ընտրությունները վերահսկող միասնական շտաբը, որը բաղկացած է լինելու ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ եռամիասնությունից, ինչպես նաեւ նրանցից յուրաքանչյուրը, ֆինանսավորվում է այլընտրանք հռչակված «Բարգավաճ Հայաստան» կուսկացության կողմից:

Ուշագրավ է, որ ՀԱԿ դաշինքի մաս կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը եւս «Ժամանակի» հետ զրույցում իր զարմանքը հայտնեց այս առիթով՝ նշելով, որ «նախկինում ՀԱԿ-ը, 18 կուսակցությունների միավորում լինելով, չուներ այդքան ֆինանսական ռեսուրս, իսկ այսօր քաղաքում փակցված նրանց պաստառները ոչնչով չեն զիջում իշխող կուսակցության պաստառներին: Կարծում եմ՝ մոտ ապագայում դա էլ կպարզվի, թե որտեղից իրենց այդքան ֆինանսական ռեսուրս»,- գրում է «Ժամանակը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում