Դուռը բացվեց. մտնող չեղավ

Դուռը բացվեց. մտնող չեղավ

Կարոտներս աշնան պես գունավոր են ու թախծոտ։
Ինչպես թղթի վրա նկարած նկարը,
Որ տերեւաթափ է եղել, գունաթափվել։
Ես իմ աշնան հետ մենակ ու իմ կարոտները գրկած
Թավալվում եմ, խշխշացող տերեւների մեջ։
Ինչպես սովորական խելագար, որ սպասում է կարոտած մեկին,
Ու այն ուշանում է։
Աշունը բարուրում եմ նոր թխած լավաշով,
Ու դնում ճամպրուկի մեջ, որ չփչանա…
Ու եթե գարունը այսքան հիանալի չթվար,
Աշունը այսքան չէր հիշեցնի իմ կարոտները։
Կապտականաչավուն օրվա վերջ,
Որտեղ ավելորդ են քեզնից գողացած օրերը,
Քեզնից գողացած գարուններն ու մեկ էլ սպասումները,
Որ մի երգ են երգում ու մի պատմություն դառնում։
Ես չկամ, որովհետեւ սպասումները սրբագրել են կարոտներս,
Մնացել օդից կախված։
Ամեն մեկին մի-մի պարան,
Ու մեռնելու չափ հրճվանք, որ դառնում է մեռնող, հառնող օրվա սկիզբ։
Ես աննկատ փակում եմ դուռը։
Դուռը բացվեց. մտնող չեղավ։

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում