Քննարկվել են Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ մշակութային կապերի խորացման հարցեր

Մարտի 15-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության տեղեկատվության նախարար, երիտասարդության հարցերի պետնախարար շեյխ Սալման Սաբահ Սալեմ Ալ-Համուդ Ալ-Սաբահի հետ, ով համատեղում է նաեւ մշակույթի նախարարի գործառույթները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվության բնագավառում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց հայ-քուվեյթյան փոխգործակցության ներկա մակարդակի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ մշակույթի բնագավառում արձանագրված առաջընթացին, ինչի կապակցությամբ նախարարն իր աջակցությունը հայտնեց նախատեսվող ծրագրերի եւ միջոցառումների հետագա կյանքի կոչմանը:

Իր հերթին Դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ վերջերս Քուվեյթի լրատվական ազգային գործակալության պատվիրակության՝ Երեւան կատարած այցելության արդյունքներին՝ կարեւորելով վերջինիս եւ «Արմենպրես»-ի միջեւ ստորագրված համագործակցության փաստաթուղթը որպես խոստումնալից սկիզբ տեղեկատվության ոլորտում կապերի հետագա ընդլայնման համար:

Հանդիպման ավարտին քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ տարածաշրջանային նշանակության հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում