Տարոն Մարգարյանը բնակարանների բանալիներ է հանձնել 10 տների նորաբնակներին
Նմանատիպ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 22 հասցեում գտնվող բազմաբնակարան նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նորակառույց շենքում իրենց բնակարանամուտն են տոնել Ֆուչիկի փողոցի թ.12, Շինարարների 15 վթարային շենքերի և Սարի թաղի 18-րդ փողոցի սողանքների հետևանքով վթարային դարձած 10 տների բնակիչները: Նորաբնակներն իրենց բնակարանների բանալիներն անձամբ Երևանի քաղաքապետից են ստացել:
Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը, կարևորելով խնդրի առաջնահերթությունը, անում է հնարավորը, որ վթարային շենքերի բնակիչներն օր առաջ ապահով ու հարմարավետ բնակարաններ ունենան:
« Յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա իր ապահով, հարմարավետ բնակարանը: Այսօր դեռ մոտ 450 ընտանիք սպասում է այս օրվան: Վստահեցնում եմ, որ մենք փորձելու ենք քայլ առ քայլ այդ բոլոր ընտանիքներին նույնպես ապահովել բնակարաններով: Շնորհավորում եմ բոլորիդ և առաջին հերթին այս ուրախ խաղացող երեխաներին, ովքեր այսուհետ առանց վախենալու ապրելու են այս շենքում»,- իր խոսքում ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև հյուրընկալվել է բնակարաններից մեկում, ծանոթացել պայմաններին, խաղաղություն և բարեկեցություն մաղթել ընտանիքներին:
Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նորակառույց բազմաբնակարան շենքը բնակիչներին է հանձնվել կոմունալ – կենցաղային բոլոր հարմարություններով ապահովված: Ունի նաև էներգամատակարարման այլընտրանքային տարբերակ, ստորգետնյա ավտոկայանատեղի: Շենքը հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին:
Ամբողջությամբ բարեկարգված շենքի հարակից տարածքում էլ մանուկների համար տեղադրվել են ժամանակակից խաղային ատրակցիոններ:
Բնակիչները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ գործընթացը հնարավորին կարճ ժամկետում կազմակերպելու, իրենց անվտանգությունն ապահովելու և հարմարավետ պայմաններում վերաբնակեցնելու համար:
Ի դեպ, նախապես կազմակերպված վիճակահանության միջոցով բնակիչներն իրենք էին ընտրել իրենց բնակարանները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում