Սերժ Թանկյանի «Օրկան»՝ Խաչատրյանի բարձր նոտան
Նմանատիպ
Հոկտեմբերի 19-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի ամենահզոր ակորդներից մեկն էր. կայացավ Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։
Հանդիսատեսը եկել էր սպասումով և հետաքրքրությամբ՝ ինչպիսի՞ն է ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սիմֆոնիկ ժանրում։ Եկել էր ևս մեկ անգամ հաղորդակցվելու Թանկյանի արվեստի հետ, վարակվելու նրա աննկարագրելի եռանդով ու լավատեսությամբ, բացահայտելու նոր Թանկյանի։
Սպասումներն արդարացան, և դրանք արտահայտվեցին բուռն ու ջերմ ծափահարություններով՝ ուղղված սիրված երաժշտին։ Բնությունը Թանկյանին օժտել է երաժշտական բացառիկ շնորհով, երևույթներն ամենայն խորությամբ ընկալելու ունակությամբ, և «Օրկան» այդ ամենի արտահայտումն է. մեղեդայնությունն այստեղ միահյուսվում է փիլիսոփայությանը։ Հնչյունները կարծես մի մեծ կտավ են պատկերում, որտեղ օրկան՝ խոյադելֆինը, անցնում է ինքնակատարելագործման, ինքնամաքրման մի ճանապարհ։
Սիմֆոնիան նկարագրում է բարու ու չարի, լույսի ու խավարի դժվարին պայքարը և այդ պայքարում՝ լույսի հաղթանակը։ Համամարդկային թեմաներ արծարծող այս սիմֆոնիան ոչ միայն հուզում է իր ելևէջներով, այլև մտածել է տալիս, ունկնդրին ստիպում բացահայտել առաջին հայացքից չերևացող շերտերը։
Սիմֆոնիկ ժանրում թերևս նորություն էր նվագախմբում դուդուկի ներգրավումը։ Հայկական ծիրանափողի մեղեդին բնականորեն միաձուլվում էր նվագախմբի հետ՝ ավելի գեղեցիկ երաժշտական երանգներ փոխանցելով դահլիճին։ Դահլիճում ներկաները զգացին երաժշտության հմայքն ու ուժը, որն այնքան վարպետորեն կատարում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ այս կոլեկտիվը գիտի՝ ինչպես հաղորդել լսարանին ամենակարևորը, ինչպես հուզել, ինչպես հոգու մեջ թրթիռ առաջացնել։
Վստահաբար կարելի է ասել, որ կատարումից գոհ էր և՛ հանդիսատեսը, և՛ ստեղծագործության հեղինակը։ «Շատ տպավորված, հիացած և հուզված եմ։ Շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին ֆանտաստիկ աշխատանքի համար։ Այսօր մտածում էի, որ մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են՝ այս բեմում»,- համերգի ավարտին բարձրանալով բեմ՝ իր տպավորությունները ներկայացրեց Սերժ Թանկյանը։
Թանկյանի երաժշտությունը խոսում է մեր ժամանակի լեզվով։ Նրա ամբողջ ստեղծագործական ներկապնակը, անկախ ժանրից, առանձնանում է անկրկնելի հնչերանգով ու բովանդակությամբ։
Դահլիճից հեռացող ունկնդիրը միանշանակ շեշտում էր՝ Թանկյանի մեղեդին ունի իր ինքնատիպ քնարականությունը, իր դրամատուրգիան և իր յուրահատուկ հնչյունական կազմը։ Եվ ինչպես դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է փաստում, Սերժ Թանկյանն այն կոմպոզիտորն է, ում երաժշտությունը պետք է շատ հնչի, ում փիլիսոփայության հետ շատերը պետք է հաղորդակցվեն։ Թանկյանի յուրաքանչյուր այցելություն հայրենիք իրադարձություն է մեզ համար։ Ամեն անգամ նա իր հայրենակիցներին ներկայանում է նոր ասելիքով. այս անգամ այդ ասելիքն ամփոփված էր «Օրկայում»։ Ո՞րը կլինի մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկի պարգևը հայ ունկնդրին։ Հուսանք՝ այն չի ուշանա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում