Քառադեմ պատկերագրության (հրեշտակակերպ մարդ, առյուծ, եզ և արծիվ) մեկնաբանությունը

Հնագույն արևելյան ժողովրդական պատկերացումներում երկրի չորս կողմերի պահապաններ համարվել են հրեշտակակերպ մարդը, առյուծը, եզը և արծիվը: Այս խորհրդանշական (symbolic) պատկերագրությունն ունի հետաքրքիր մեկնաբանություն:

Հրեշտակակերպ մարդը (hominis)՝ որպես սեր սփռող մեծ զորություն և ուժ, բնակվում էր ամենուր և ներդաշնակեցնում կյանքը, առյուծը (leonis) կենդանական աշխարհի զորեղ արքան էր և համարվում էր բնության վերակացուն, եզը (bovis) խոնարհ աշխատանքի խորհրդանիշն էր, որի շնորհիվ էր իրականացվում մարդկային կեցությունը, իսկ արծիվը (aquilae) երկնքի և երկրի հսկողն էր, որ բարձունքներից հետևում էր բնության կարգուկանոնին:

Ըստ ավանդության՝ այս քառադեմ պատկերագրությունը վերագրվել է նաև Հիսուս Քրիստոսի կյանքը և վարդապետությունը ուսուցանող չորս ավետարանիչներին:

Մատթեոսի խորհրդանիշն է հրեշտակակերպ մարդը, որովհետև նա Ավետարանի սկզբում հիշատակում է Քրիստոսի մարդեղության պատմությունը: Մարկոսի խորհրդանիշն է համարվում առյուծը, քանի որ իր Ավետարանի սկզբում նա առյուծի համարձակությամբ հայտարարում է, թե Հիսուս Աստծու Որդին է: Ղուկասինը` եզը (զոհի խորհրդանիշ), քանի որ Ավետարանն սկսվում է Զաքարիայի՝ Տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ, իսկ Հովհաննեսինը՝ արծիվը, որովհետև նա Ավետարանի սկզբում արծվի պես բարձրանում է երկնային բարձունքները՝ հայտարարելով Քրիստոսի աստվածությունը:

Քրիստոս այս քառադիմության կատարյալ մարմնացումն է: Նա ծնվեց և ապրեց երկրի վրա ինչպես հրեշտակակերպ մարդ, հաղթեց թշնամուն որպես առյուծ, ապա եզի զոհաբերության օրինակով իրեն զոհեց մարդկության փրկության համար և արծվի պես հաղթականորեն երկինք սավառնեց:

Պատրաստեց Դավիթ դպիր Հունանյանը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում