Կարեն Դեմիրճյանի 81- ամյակին նվիրված «Հիշատակ» գիրք

Այսօր լրանում է հայ ականավոր քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի 81-ամյակը: Այդ առիթով  նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, «Հիշատակ» վերնագրով գիրք է հրատարակել ամուսնու մասին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռիմա Դեմիրճյանն նշեց, որ դժվար էր գիրք գրել սեփական ամուսնու մասին ու վերապրել անցյալը:

«Այս գիրքը Կարեն Դեմիրճյանի կենսագրությունը չէ, ոչ էլ պատմական աշխատություն կամ գիտական մանրակրկիտ ուսումնասիրություն, այլ ընդամենը փորձ է ‘չհավակնելով լիարժեք նկարագրության սեփական ներդրումն ունենալ Կարեն Դեմիրճյանի կյանքի պատմությանը, կենդանի, իրական, ամբողջական կերպարը ներկայացնելու գործում», – այսպես է բացատրվում «Հիշատակ» գիրքը:

«Կարեն Դեմիրճյանը մեծ բարոյականության տեր մարդ էր, լիներ դրսում, թե՛ ներսում, թե՛ ընկերների շրջանում: Եթե ասեմ լավն էր, ուշադիր էր … ծեծված բառեր են, միայն կասեմ, որ նրա մեջ զուգակցվել էին դրական որակները՝ թե՛ մարդկային, թե՛ քաղաքական գործչի: Հենց սա է նրա ֆենոմենի բացատրություններից մեկը»,- ասաց նա՝ հիշեցնելով Կարեն Դեմիրճյանի մասին հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի խոսքերը. «Մարդ առանց արատների»:

«Դրանից առավել, ես ցանկանում էի, որպեսզի հայ մարդը ճանաչի Կարեն Դեմիրճյանին: Հայության մեծամասնությունը սիրում ու հարգում է, բայց շատ բաներ չգիտեն: Իհարկե, ամբողջ ճշմարտությունը նա իր հետ տարավ, բայց այն, ինչ ես գիտեի, պետք է հանձնեի պատմությանը, սերունդներին: Ես դա իրավունք չունեի տանել հետս»,- ասաց Դեմիրճյանի այրին:

Դեմիրճյանի կինը նշեց, որ գրքում ինքը Կարեն Դեմիրճյանի մահվան հանգամանքները նկարագրել է որպես սպանություն և ոչ թե որպես հեղափոխություն:«Ես ասել եմ սա Քոչարյանին, Ջհանգիրյանին, ասացի ոչ մի հեղաշրջում չկա, սպանություն է՝ լավ մտածված: Դա իմ համոզմունքն է, պնդել չեմ կարող, որևէ մեկին մեղադրել չեմ կարող: Իսկ իշխանությանը մեղադրելու համար փաստեր են պետք»,- ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում