ՀՀ-ում ՄԹ դեսպան․ «Աշխատելու ավելի մեծ պատրաստակամություն է նկատվում երկու երկրների կառավարությունների կողմից»

Քանի որ այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերութունների 25-ամյակը, Aravot.am-ը ՀՀ-ում Միացյալ թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթից հետաքրքրվեց իր առաքելությունն իրականացնելու երկու տարիների ընթացքում հանդիպած ի՞նչ տպավորիչ դրվագներ կառանձնացնի:

Դեսպանն ասաց, որ իր հիշողությունները վերաբերում են հատկապես Հայաստանում ճամփորդելուն եւ մեր երկրի գեղեցիկ տեսարժան վայրերն այցելելուն: «Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերություններին, նշեմ, որ վերջերս աշխատելու ավելի մեծ պատրաստակամություն է նկատվում երկու երկրների կառավարությունների կողմից»,- նշեց տիկին Ֆարնուորթը:

Դեսպանը երկու դրվագ էլ առանձնացրեց` վերջերս Հայաստան էր այցելել Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարարը, որը հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ինչի արդյունքում Հայաստանին հնարավորություն է տրվել օգտվել «Լավ կառավարման հիմնադրամից», իսկ երկրորդն այն է, որ Հայաստանում առեւտրային ներկայացուցիչ է նշանակվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում