Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին

Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկ. Մարսելա Մարիա Նիկոդեմոսին:

Հանդիպմանը Նորին Սրբությունը հրաժեշտ տվեց դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանին’ իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնելով անցած չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքների համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Բրազիլիայի հայ համայնքի և Բրազիլիայի հայոց թեմի կյանքին, նշվեց, որ թեմն ու համայնքը կարևոր կամուրջ են երկու երկրների միջև և նպաստում են երկուստեք հարաբերությունների ու համագործակցության առավել սերտացման:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություն մաղթեց տիկ. դեսպանին’ իր հետագա ծառայության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում