Քաղաքին շրջանցիկ ճանապարհներ են պետք.Հովհաննես Թոքմաջյան

«Տարոն Մարգարյանի բակային հադիպումները ցույց են տվել, որ ժողովրդին դեռ շարունակում են հուզել վերելակների, տանիքների, շենքերի սեփականաշնորհման, տրանսպորտի խնդիրները: «Մեր քաղաքապետի հանդեպ ժողովուրդը վստահություն եւ հավատ ունի: Ժողովրդի բարձրացրած խնդիրներն անպայման կքննարկվեն եւ ըստ առաջնահերթության լուծումներ կստանան»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը:

«Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները քաղաքային, այլ ոչ քաղաքական ընտրություններ են: Դա է վկայում նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում բազմաթիվ անկուսակցականներ կան»,-նշեց նա: 

Անդրադառնալով «Փակ շուկայի» խնդրին’ Թոքմաջյանը նշեց, որ դեպքը որպես այդպիսին միակը չէ: «Ժամանակին Երիտասարդական պալատը ապամոնտաժվեց, Սեւան հյուրանոցը լուծարվեց: Անհրաժեշտ է Երեւանի համար կարեւոր կառույցների ճակատագրի վերաբերյալ լուրջ քննարկումներ անցկացնել, որում հաշվի կառնվեն նաեւ քաղաքացիների կարծիքները»,- ասաց նա:

Տրանսպորտի խնդրի մասին խոսելով’ Թոքմաջյանը նշեց, որ հնարավոր է’ քննարկվի ստորերկյա արագընթաց տրամվայի հարցը, ինչը նպաստավոր կլինի նաեւ էկոլոգիայի տեսանկյունից: «Մեր քաղաքին շրջանցիկ ճանապարհներ են պետք: Անհրաժեշտ է սահմանափակել դեպի կենտրոն բեռնատար ավտոմեքենաների հոսքը պիկ ժամերին»,-հավելեց բանախոսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում