Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցներին
Նմանատիպ
Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում’ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցներին’ ուղեկցությամբ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի:
Ողջունելով փառատոնի մասնակիցների այցը համայն հայության հոգևոր կենտրոն’ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահին Երևանում Պոեզիայի միջազգային առաջին փառատոնի կազմակերպման, ինչպես նաև փառատոնը հայոց նվիրական սրբավայր այցելությամբ սկսելու համար:
Վեհափառ Հայրապետը, իր խոսքում անդրադառնալով պոեզիայի բարձր կոչմանը, հորդորեց պոեզիայի մշակներին իրենց աստվածաշնորհ կարողություններն ի բարին ծառայեցնել’ մարդկության բարօրության, ժողովուրդների միջև բարեկամության կերտման համար:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց տարբեր երկրներից ժամանած գրողներին հետաքրքրող հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում