Ի՞նչ է Եկեղեցին: Ի՞նչ է նշանակում քրիստոնեական Եկեղեցի
Նմանատիպ
«Եկեղեցի» բառը հունարեն «էկլեսիա — εκκλησία» բառից է, որը նշանակում է մարդկանց հավաքականություն, կրոնական իմաստով` հավատացյալ մարդկանց հավաքականություն: Ուրեմն, Եկեղեցին` լայն իմաստով, բոլոր հավատացյալներն են:
Պողոս առաքյալը եկեղեցի հասկացությունը պարզ ձևով բացատրելու համար համեմատություն է անում մարդկային մարմնի հետ` նշելով, որ Եկեղեցին խորհրդանշական իմաստով Քրիստոսի մարմինն է, և մենք` նրա անդամները (Ա Կորնթ. 12.27; Եփես. 1.23, 4.12; Կող. 1.24, 2.19): Քրիստոս Եկեղեցու գլուխն է (Կող. 1.18):
Սակայն «եկեղեցի» բառը հոմանուն բառ է և այլ նշանակություններ ևս ունի:
Եկեղեցաբանության մեջ եկեղեցի հասկացության մի քանի բացատրություններ կան: Հայ եկեղեցական հեղինակներից դրան ավելի մանրամասն անդրադարձել են Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը: Բացի հավատացյալների հավաքակություն լինելուց, Եկեղեցին նաև հոգևորականների հավաքականությունն է կամ հոգևոր իշխանությունը, ինչպես ասվում է Մատթեոսի Ավետարանում խրատվելու ենթակա մարդկանց մասին. «Ապա թէ և եկեղեցւոյն ոչ լուիցէ, եղիցի քեզ իբրև զհեթանոսն և զմաքսաւոր» (Մատթ. 18.17): Ինչպես նաև «եկեղեցի» ասելով՝ հասկանում ենք աղոթքի, պաշտամունքի վայրը (Հուդիթ 6.12,19, Ա Կորնթ. 11.18): Դրա համար էլ այդ նպատակով նվիրագործված շինությունները կոչում ենք եկեղեցիներ:
Հավատամքի մեջ, որն արտասանվում է պատարագի արարողության ընթացքում, նշվում է, որ մենք հավատում ենք մեկ, ընդհանրական, առաքելական, սուրբ եկեղեցու: Սակայն այդ մեկ անբաժան Եկեղեցու մեջ կան մի քանի մասեր` Հաղթական Եկեղեցի և Զինվորյալ Եկեղեցի: «Հաղթական Եկեղեցի» ասելով` հասկանում ենք վախճանված սրբերի հավաքականությունը, և բառը ցույց է տալիս, որ սա այն հավատացյալների ժողովն է, ովքեր աշխարհի դեմ պատերազմելով` հաղթանակ են տարել: Այս եկեղեցու մաս են կազմում նաև այն ննջեցյալները, որոք Եկեղեցու աղոթքի շնորհիվ կարող են հավիտենական փրկության արժանանալ: Այդ ննջեցյալների համար է, որ հոգեհանգստյան կարգ է կատարվում:
Զինվորյալ Եկեղեցին այս աշխարհում ապրող հավատացյալների հավաքականությունն է, և զինվորյալ է կոչվում, որովհետև այդ Եկեղեցու անդամները դեռ աշխարհի փորձությունների, չարիքների դեմ պատերազմի մեջ են և պետք է հոգևոր մարտ մղեն` կռվելով զինվորյալ բանակների նման: Զինվորյալ Եկեղեցին իր հերթին բաժանվում է երկու մասի` Ուսուցանող Եկեղեցի, որ հոգևորականներն են, և Ուսանող Եկեղեցի` հավատացյալների ամբողջությունը:
Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Հետևեք մեզ նաև Telegram-ում