Առանց տիրոջ կամքի նույնիսկ ծառի տերեւը վայր չի ընկնի. Վլադիմիր Գասպարյան
Նմանատիպ
Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին աշխատանքից ազատելը կապ չունի ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այս մասին ապրիլի 16-ին ոստիկանության օրվա կապակցությամբ կազմակերպած միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Նման լուրեր տարածողներին առաջարկում եմ իմանալ, որ առանց տիրոջ կամքի նույնիսկ ծառի տերեւը վայր չի ընկնի»,- ասաց Գասպարյանը և ավելացրեց. «Ոստիկանությունը շարժվող, շնչող օրգանիզմ է։ Պրոցեսներ են տեղի ունենում, որոնք ուղղակի արվում են նրա համար, որ ավելի ճիշտ, ավելի լավ կազմակերպվեն, աշխատանքային բնույթ ունեցող փոփոխություններ լինեն»:
ՀՀ ոստիկանապետը նշեց նաև, որ իրենց խնդիրն է փոխել ոստիկանի կերպարը, քանի որ դեռ շարունակվում են քննադատությունները ոստիկանների հասցեին.«Ոչ մի անարդար գործ անպատիժ չի մնում: Կարեւորն այն է, որ մենք մեր մեջ գտնենք մեր սխալները եւ շարժվենք ուղղվելու ճանապարհով»:
Այն հարցին, թե ոստիկանապետն ինչպես է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն որպես «զորավար» դիմելու ձևին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, բավականին լավ, միգուցե զորավո՞ր»,- հարցրեց նա, իսկ երբ նշեցինք, թե ոչ՝ «զորավար», ափսոսանքով ավելացրեց. «ա հա՞, շատ լավ ա, շատ լավ եմ վերաբերվում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում