«Քայլ առաջ». եւս մեկ քայլ դեպի Եվրոպա
Նմանատիպ
Այսօր ավարտվում է Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնած և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված «Քայլ առաջ» միջազգային ծրագիրը, որին մասնակցում են 9 երկրներ ներկայացնող 30 երիտասարդ առաջնորդներ: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, Իսպանիայից, Հունգարիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Ռումինիայից ժամանած երիտասարդները ծրագրի 7 օրերի ընթացքում կարողացան ոչ միայն ներկայացնել իրենց երկրներում վարվող պետական երիտասարդական քաղաքականությունը, այլև համատեղ նոր ծրագրեր մշակել: Սեմինարը նպատակն էր հետապնդում խթանել ցանցային երիտասարդական աշխատանքը և երկարատև համագործակցության հիմքեր ստեղծել ծրագրի մասնակից երկրների գործընկեր երիտասարդական կազմակերպությունների միջև:
«Ծրագրի մասնակիցներն այժմ Ծաղկաձորում աշխատում են իրենց նոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման պլանավորման ուղղությամբ, իսկ հրավիրված փորձագետները անհրաժեշտ հմտություններ են հաղորդում»,- տեղեկացնում է ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանը:
Հյուրերը հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալու հայոց մշակույթին, այցելել են Էջմիածին, համտեսել են հայկական խոհանոցը: «Քայլ առաջ» ծրագիրը Հայաստանին ևս մեկ քայլով մոտեցրեց Եվրոպային» – իր ամփոփիչ խոսքում նշել է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:
«Երիտասարդական ակումբների դաշնությունը (Federation of Youth Clubs of Armenia – FYCA) միավորում է ավելի քան 9 տասնյակ երիտասարդական ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից’ դառնալով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը: Այն նաև ակտիվորեն ներգրավված է միջազգային երիտասարդական շարժման մեջ՝ անդամակցելով մի քանի եվրոպական երիտասարդական կազմակերպությունների: Վերջին հինգ տարվա ընթացքում իրականացրած ծրագրերի և դրանց մասնակցած երիտասարդների թվով FYCA-ն առաջինն է Հայաստանում և առաջատար դիրքեր է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի ու Կովկասի երկրների շարքում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում