Ավարտվեց «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» միջազգային գիտաժողովը
Նմանատիպ
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում շարունակվեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:
Գիտաժողովն ընթացավ «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» թեմատիկ նիստերով:
«Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում» թեմատիկ նիստում «Մխիթարյան միաբանության հայատառ թուրքերեն հրատարակությունները» զեկույցով հանդես եկավ Հասմիկ Ստեփանյանը (ՀՀ ԳԱԱ ԱԻ), «Վենետիկի Մխիթարյանների գաղափարական հայրենիք ստեղծելու մոդելի տեղայնացումն Ալեքսանդրապոլում» զեկույցով՝ Գևորգ Այվազյանը (ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ), «Հայր Միքայել Չամչյանը և իր գործունեությունը Բասրայի մեջ 1769-1774 թթ. (համառոտ ակնարկ)» զեկույցով՝ Սեդա Օհանյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Ներսես Ակինյանի գործունեությունը Խորհրդային Հայաստանում նորահայտ փաստաթղթերի լույսի ներքո»՝ զեկույցով՝ Համո Սուքիասյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Ս. Ղազարի ձեռագրագետ հայրերը և նրանց կազմած ձեռագրացուցակները» զեկույցով՝ Քնար Հարությունյանը (ՀՁԳԻԹ), «Մխիթարյանների ավանդը հայ քննական պատմագրության ձևավորման մեջ» զեկույցով՝ Արման Մալոյանը (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ), «Մխիթարյան միաբանության դպրոցաշինութեան պատմութիւնն ի սփիւռս աշխարհի» զեկույցով՝ Ավետիս Ափոշյանը (ԵՊՀ):
«Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում» թեմատիկ նիստում «Մխիթարյանները Լեոյի գրապատմական ուսումնասիրությունների համատեքստում» զեկույցով հանդես եկավ Սուսաննա Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հայկական դասականապաշտության (կլասիցիզմի) տեսական և գեղարվեստական առանձնահատկությունները Մխիթարյանների տեսական, գեղարվեստական գրականության մեջ» զեկույցով՝ Դավիթ Գասպարյանը (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ), «Դասագրքերի Մխիթարյանների 18-րդ դարի հրատարակությունները» զեկույցով՝ Քրիստինե Մելքումյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Արսեն Բագրատունու «Հայկ դյուցազն» պոեմը» զեկույցով՝ Սիրանուշ Մարգարյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Վենետիկի Մխիթարյան միաբանությունը Վիգեն Իսահակյանի հուշերում» զեկույցով՝ Ավետիք Իսահակյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հովհ. Թումանյանը Մխիթարյանների գնահատմամբ» զեկույցով՝ Եվա Մնացականյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հայկական վերածնության հարցը Մխիթարյանների՝ հայ գրականության պարբերաբաժանման համակարգում» զեկույցով՝ Լուսինե Վարդանյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Գաբրիել Այվազյանը Մխիթարյան միաբանության անդամ» զեկույցով՝ Հասմիկ Իրիցյանը (ՀՁԳԻԹ), «Մխիթարյանները և հայոց լեզվափիլիսոփայության տարրեր» զեկույցով՝ Լուսինե Ավետիսյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ):
«Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» նիստում «Մխիթարյան թատերագրությունը սրբախոսությունից կլասիցիզմ» զեկույցով հանդես եկավ Հենրիկ Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Քրիստափոր Կարա-Մուրզան և Վենետիկի Մխիթարյան միաբանությունը» զեկույցով՝ Լիլիթ Արտեմյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Վենետիկի Մխիթարյանները և միջազգային գեղարվեստը» զեկույցով՝ Արծվի Բախչինյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Եվրոպական երաժշտատեսական մտքի դրսևորումները Խաչատուր Էրզրումեցու և Մխիթար Սեբաստացու աշխատություններում» զեկույցով՝ Անի Մուշեղյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Ձեռագիր գրքերը, որպես ազգային խոհանոցի ուսումնասիրության աղբյուր (Դիտարկումները` ըստ Վենետիկի Մխիթարյան միաբանության Մատենադարանի ձեռագրերի)» զեկույցով՝ Խորեն Գրիգորյանը (ՀՀ Մշ.նախ.), «Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հ. Ղ. Տայանի «Շարական Հայաստանեայց եկեղեցւոյ» բազմահատոր շարակնոցի անտիպ Ա. Հատորը» զեկույցով՝ Արփի Վարդումյանը (ՀՁԳԻԹ), «Հայր Ղևոնդ Ալիշանը հայկազուն սրբերի հետքերով» զեկույցով՝ Մարիաննա Տիգրանյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Տայքի և Գուգարքի ճարտարապետությունը` Մխիթարյան միաբանների աշխատություններում» զեկույցով՝ Դավիթ Նահատակյանը (ՃԱԹԻ):
Միջազգային գիտաժողովի ավարտին գումարվեց լիագումար նիստ, որը վարեց պ.գ.դ. Գևորգ Ստեփանյանը: «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում» թեմատիկ նիստերի արդյունքներն ամփոփեցին պ.գ.դ.Գևորգ Ստեփանյանը և պ.գ.թ. Արմեն Մարուքյանը, «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» նիստը՝ արվ.դ. Արարատ Աղասյանը, «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում» նիստը՝ բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանը: Նա շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և հնչած հինգ տասնյակից ավելի գիտական զեկույցների հեղինակներին՝ նշելով. «Մխիթարյան հայրերի գործունեությունը համակողմանի ներկայացնելու առումով այս գիտաժողովը, իրավամբ, խոշոր ներդրում էր:
Կարծում եմ՝ չարժե սպասել հոբելյանների, նման համաժողովներ կազմակերպելու համար: Այս գիտաժողովին Լուսինե Ավետիսյանն իր զեկույցը ներկայացրեց հրաշալի գրաբարով: Ես կուզեի, որ դպրոցներում հայ մանուկներին դասավանդվի գրաբար, որպեսզի նրանք տիրապետեն մեր կատարյալ հայերենին»:
Լևոն արք. Զեքիյանը հավելեց, որ Մխիթար Սեբաստացին և նրա հավատարիմ աշակերտները գիտնական և արվեստաբան լինելուց առաջ կրոնավորներ էին և շատ ուրախալի է, որ գիտաժողովի ընթացքում չստվերվեց այդ հանգամանքը:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ի դեմս Զեքիյանի և Մխիթարյանների հոգևոր հայրերի, արևմտահայերենը ապրում ու ծաղկում է:
«Մխիթարյան միաբանությունը եվրոպական քաղաքակրթության մեծագույն կենտրոններից մեկն է, և մենք հպարտ ենք, որ նրա հիմնադիր Մխիթար Սեբաստացին և Միաբանության հայրերը մեծ հայեր են: Ուրախալի է հատկապես այն փաստը, որ զեկուցողներից շատերը երիտասարդներ էին, և նրանք տիրոջ ու իրավահաջորդի դիրքերից խոսեցին Միաբանության մասին:
Իրականում Հայաստանում և Սփյուռքում գործող բոլոր հայագիտական կենտրոնները սովորելու շատ բան ունեն Մխիթարյան Միաբանությունից», – նշեց Մելքոնյանը:
Գիտաժողովի ավարտին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց միջազգային գիտաժողովի կազմակերպիչ կառույցներին արդյունավետ համագործակցության համար և նշեց. «Մենք ընդունում ենք Մխիթարյանների անունով Երևանում փողոց անվանակոչելու առաջարկը և Հայաստանում Մխիթարյանական ընթերցումներ և գիտաժողովներ պարբերաբար կազմակերպելու անհրաժեշտության գաղափարը»:
Նախարարի տեղակալը հավելեց, որ առաջիկայում կտպագրվեն գիտաժողովի զեկուցումները «Բազմավեպ» հայագիտական հանդեսի բացառիկ համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում