«Նպաստի» պայմանագրերի մասին հարցը նյարդայնացրեց Օսկանյանին

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը հանդիպել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքի բնակիչների հետ:

Շնորհակոլություն հայտնելով հավաքին ներկա մի քանի քաղաքացիներին իրենց լսելու համար’ Օսկանյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները սկիզբ են դնելու լուրջ քաղաքական գործողությունների ոչ միայն Երևանում, այլ նաև ողջ հանրապետությունում:
«Իմ նպատակն է Երևանում զարգացնել բիզնեսը, և խոստանում եմ օգտագործել իմ բոլոր արտաքին կապերը քաղաքում բարելավումներ իրականացնելու համար»,- խոստացել է Վարդան Օսկանյանը:

Մեր լրագրողի այն հարցին, թե մինչ քարոզարշավի սկիզբը, վերջին անգամ ե՞րբ է շրջել Երևանի բակերում և հանդիպել բնակիչներին’ Օսկանյանը դժվարավաց պատասխանել. «միշտ-միշտ»,- ասաց նա երկար մտորումներից հետո: Մեր այն ճշտող հարցին, թե կոնկրետ Աջափնյակի այն բակում, որտեղ անց է կացնում հանդիպումը ե՞րբ է եղել վերջին անգամ, Օսկանյանը պատասխանեց, որ Աջափնյակ գալիս է քանի որ ծանոթներ ունի: «Ես այստեղ ծանոթներ ունեմ, հաճախ եմ գալիս, վերջին անգամ մոտ երկու ամիս առաջ եմ այստեղ եղել»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Վարդան Օսկանյանից փորձեցինք նաև պարզել այն լուրերի իսկությունը, համաձայն որոնց ԲՀԿ-ն միանվագ «նպաստի» պայամանագրեր է կնքում մայրաքաղաքի բնակիչների հետ: Լսելով մեր հարցը, թե «արդյո՞ք սա ընտրակաշառք չէ» և ինչպես է վերաբերվում Օսկանյանն այդ փաստին, քաղաքապետի թեկնածուն և Նաիրա Զուրաբյանը, ինչպես նաև հավաքվածները, բառացիորեն հարձակվեցին Times.am-ի լրագրողի վրա՝ պահանջելով այլ հարցեր ուղղել Օսկանյանին:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դա մամուլին վերաբերվող հարց է և իրենք բնակչության ներկայությամբ նախընտրում են պատասխանել այլ հարցերի: Նշենք միայն, որ Օսկանյանի հետ հանդիպմանը հիմնականում մասնակցում էին նրա հետ մեքենաներով Աջափնյակ համայնք եկած մարդիկ և տեղի մի քանի բնակիչ:

Հանդիպումից հետո, այնուամենայնիվ, փորձեցինք Վարդան Օսկանյանից ստանալ մեզ հուզող հարցի պատասխանը, սակայն վերջինս ընդհատեց լրագրողին՝ չոր պատասխանելով, թե «նպաստի» պայամանագրերի մասին լուրը սուտ է և արագ հեռացավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում