Մեկնարկեց Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն

Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումը դյուրին գործընթաց է, մինչդեռ դասական եղանակով տպագրական տախտակի (կլիշեի) պատրաստումը խրթին է և ժամանակատար: Այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի է, որոշ արվեստագետներ շարունակում են հրաժարվել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից և նախընտրում են աշխատատար` վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները: Թերևս, գեղարվեստական տպագրության հմայքն ու էությունը թաքնված են այդ երկարատև և դժվարին գործընթացներում:

Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալեի նպատակը ավանդական գեղարվեստական տպագրության ոլորտում առկա մերօրյա զարգացումները, միտումների ուսումնասիրությունն ու բացահայտումն է, ինչպես նաև դասական, այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաների և արդի գաղափարների միախառնման և միահյուսման մշտադիտարկումը:

Բիենալեին կներկայացվի 227 արվեստագետների 447 աշխատանք` 50 երկրներից: Միջազգային ժյուրիի կազմում են անվանի մասնագետներ Գերմանիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից և Հայաստանից. Ինգա Հեամեգի (Էստոնիա), Ախիմ Կյոնեկե (Գերմանիա), Մաթեուշ Օտրեբա (Լեհաստան), Ալեքսանդրա Շտեհելի (Շվեյցարիա), Սոնա Հարությունյան (Հայաստան):

Բիենալեի կազմկոմիտեի կողմից սահմանվել են գլխավոր, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակներ: Լավագույն աշխատանքները կարժանանան նաև Բիենալեի պատվոգրերի:

Երևանյան բիենալեն վստահաբար տարածաշրջանում գեղարվեստական տպագրությամբ զբաղվող արվեստագետների համար միջազգային նոր հարթակ կդառնա և կխթանի ոլորտի մասնագետների, ուսանողների, արվեստասեր հանրության հետաքրքրությունը դեպի արվեստի այս ճյուղը: Այս մասին տողեկացնում է Aysor.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում