Մահ՝ ծնվելուց առաջ
Նմանատիպ
Յուրաքանչյուր մարդու կյանքում կա մի նվիրական օր, որը նրա համար ամենակարևորն է՝ իր տարեդարձը։ Ամեն տարի այդ օրը տոնախմբելով՝ մարդը հիշում է այն բաղձալի պահը, երբ ինքն էլ միլիոնավոր ուրիշ երեխաների հետ ու նման լույս աշխարհ եկավ։
Կյանքում կա մի ուրիշ օր էլ, որը գալիս է խախտելու տարեդարձը տոնելու ավանդույթը, այն է՝ մահը։
Օրինաչափ և բնական է, երբ վերջինը լինում է ծնունդից հետո, բայց ի՞նչ կլինի, եթե մահը լինի ծնվելուց առաջ… Արարչագործության վեցերորդ օրը Աստված ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին և իբրև կողակից տվեց նրան առաջին կնոջը՝ Եվային։ Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը…» (Ծննդ. 1:28)։
Բայց մարդիկ անտեսելով Աստծո որդեծնության միջոցով արարելու պատգամը, բռնեցին որդեսպանության ուղին։ Աբորտի, նույնն է, թե վիժեցման մասին պատկերացումներ մարդիկ ունեին անգամ մեզանից 4000 տարիներ առաջ, ինչի մասին հիշատակություններ կան եգիպտական Էբերսա պապիրուսում։ Բայց մարդկության փորձը ստիպեց հասկանալու աբորտի հանցանք լինելը և բժիշկ Հիպոկրատը իր հայտնի երդման մեջ անդրադառնում է վիժեցմանը ասելով. «Ես ոչ մի կնոջ չեմ հանձնի վիժում առաջացնող միջոց»։ Չնայած, որ յուրաքանչյուր բժիշկ տալիս է Հիպոկրատի երդում, բայց այս հարցի շուրջ տարբեր ժամանակներում առաջ քաշեցին տարբեր կարծիքներ։
Խնդիրը հատկապես օրհասական դարձավ վերջին 2 դարերի ընթացքում, հատկապես այն բանից հետո, երբ անցնող դարի 70-ական թվականներին մի շարք զարգացած երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Հոլանդիան պետական մակարդակով ընդունեցին աբորտը։
Սա ապտակ էր բարոյական աշխարհում նոր ձևավորվող ընտանիքների համար։ Առաջացավ ամենակարևոր հարցը խնդրի վերաբերյալ՝ աբորտը մարդասպանությո՞ւն է, թե՞՝ ոչ։ Բժիշկները տվեցին բացասական պատասխան ու թույլատրելի համարեցին մինչև 4 ամսական պտղի հեռացումը. պտուղը մինչև 4 ամսական դեռ մարդ չէ։ Այստեղ էլ առաջանում է մեկ ուրիշ և ավելի բարդ հարց՝ ե՞րբ է պտուղը դառնում մարդ։
Օրինակ Հին Արևմուտքում կարծում էին, թե կյանքը սկսվում է ծնվելու պահից, իսկ Հին Արևելքում՝ բեղմնավորման պահից։ 20-րդ դարում գիտությունը զարգացավ ու բժիշկները խոսեցին 4 ամսականի մասին՝ ասելով, որ մինչև 4 ամսական դեռ ձևավորված չեն երեխայի օրգանները հետևաբար նա դեռ մարդ չէ, իսկ եթե մարդ չէ ուրեմն կարելի է աբորտի դիմել։
Բայց նույն գիտությունը հետո ապացուցեց, որ 3 ամսական սաղմը թեքում է գլուխը, շարժումներ անում, դեմքը ծամածռում, կարող է անգամ թաթիկ անել։ Բժիշկերի պատասխանը չուշացավ նրանք նոր՝ ավելի գիտական վարկած առաջ քաշեցին ասելով, որ մարդու մահ արձանագրվում է այն ժամանակ, երբ արձանագրվում է ուղեղային իմպուլսների դադար, ուստի կյանքն էլ պետք է սկսվի ուղեղի ձևավորմամբ։ Ուղեղը ըստ 20-րդ դարի սկզբին առաջադրված տեսակետի առաջանում է 4 ամսականում։ Վարկածը հերքվեց դարի վերջին, երբ գիտնականները ուղեղի նշաններ հայտնաբերեցին անգամ մեկուկես ամսական պտղի մոտ։ Ուղեղի վարկածը հերքվեց բժիշկները սկսեցին խոսել սրտխփոցի մասին՝ առաջին սրտխփոցը հայտարարելով կյանքի սկիզբ։ Պարզվեց առաջին սրտխփոցը պտղի մոտ լինում է 18 օրականում։ Այնուամենայնիվ հարցը մնաց առկախ՝ ե՞րբ է պտուղը սկսում համարվել մարդ։
Բժիշկները ընկնելով օրգանների հետևից մոռանում են, որ կա մի բան մարդու մեջ, որը նրա շարժող ուժն է, որը հնարավոր չէ տեսնել բժշկական մանրադիտակով անգամ, այն է՝ մարդու հոգին։ Մարդու հոգին է նրա կյանքը և հոգու մարմնից բաժանումը եթե մահն է, հետևաբար միավորումը պիտի լինի ծնունդը կյանքի։
Սուրբգրային տեղիների վրա հիմնվելով հայրերը վաղուց տվել են հստակ ձևակերպում հարցին։ Բեղմնավորման պահից պտուղը մարդ է համարվում և հենց այդ պահին էլ միավորվում են մարմինն ու հոգին։ Իզուր չէր Սաղմոսերգու Դավիթ մարգարեն ասում. «Տեր դու ես իմ ապավենը իմ մոր արգանդից» (Սաղմ. 70.6)։ Եվ կամ երբ Մարիամ Աստվածածինը գնաց իր ազգական Եղիսաբեթին այցի, որը հղի էր, և նրան ողջույն տվեց. «Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով… » (Ղուկ. 1:41)։ Ուրեմն յուրաքանչյուր պտուղ բեղմնավորման իսկ պահից մարդ է և ոչ մի տարբերություն չկա 30-ամյա երիտասարդի և 3 ամսական պտղի սպանության միջև։ Երկուսն էլ սպանություն են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում