Ոսկե իլիկը
Նմանատիպ
Կար, չկար մի կին կար: Էդ կինն ուներ երկու աղջիկ, մինը գեղեցիկ, բայց ծույլ, մյուսը՝ տգեղ, բայց շատ աշխատասեր:
Մայրը գեղեցիկ աղջկան շատ էր սիրում:
Տգեղ աղջկան միշտ բուրդ էր մանել տալիս: Մի անգամ էլ ջրհորի գլխին կանգնած ժամանակ թելը կտրվեց, ու իլիկն ընկավ ջուրը:
Գլխին տալով եկավ մորը պատմեց, թե իլիկս ընկավ ջուրը:
Մայրը թե.
– Այ աղջիկ, ոչ էս, ոչ էն, պետք է գնաս իլիկը բերես, եթե ոչ՝ ձեռքիցս պրծնողը չես:
Աղջիկը չէր իմանում ինչ անի, տխուր – տրտում եկավ ջրհորի մոտ, կռացավ նայեց վերևից, մին էլ գլխի վրա ընկավ ջրհորը:
Որ ուշքի եկավ, աչքերը բաց արավ, տեսավ մի սիրուն, գեղեցիկ մարգագետին:
Արև – Արեգակ, ճաճանց, կանաչ, ծառ ու ծաղիկ, վարդ ու մեխակ, սուսան սմբուլ ու շահբլբուլ, մի խոսքով, ես քիչը կասեմ, դու շատը հասկացիր:
Աղջիկն ուրախացավ ու էդ մարգագետնով գնաց, գնաց հասավ մի հացով լիքը թոնրի:
Թոնրի միջից հացերը ձեն էին տալիս.
– Վառվեցինք, էրվեցինք, աղջիկ հանիր մեզ թոնրից, ազատիր:
Աղջիկը կռացավ և հացերը թոնրի կողերից պոկեց, հանեց, փռեց, սառեցրեց, իրար վրա դարսեց ու գնաց:
Գնաց, գնաց, հասավ մի խնձորի ծառի: Խնձորենին հիվանդի պես տնքում էր ու կանչում.
– Մեռա, մեռա, ծանր է բեռս, շատ են խնձորներս, ափսոս են ճղներս, թափ տուր, թափահարիր, շաղ տուր, շաղահարիր ինձ:
Աղջիկը լսեց, խղճաց խնձորենուն, շաղահարեց ծառը, խնձորները մի տեղ հավաքեց ու գնաց: Գնաց, գնաց, էս անգամ հասավ մի տան:
Ներս մտավ, տեսավ մի ծեր կին հիվանդ պառկած է:
– Աղջիկս, դու բարով եկար, իմ աչքի, իմ գլխի վրա եկար, ես անորդի մերիկ եմ, տեր չունեմ, տիրական չունեմ, հիվանդ եմ, պահիր, պահպանիր ինձ, մինչև լավանամ:
Աղջիկը մնաց հիվանդի մոտ, պահեց, պահպանեց նրան, հոգ տարավ, խնամեց, ջուր դրեց լողացրեց, քրտնացրեց, ոտի հանեց:
Երբ պառավը լավացավ, ոտի կանգնեց, աղջիկն ասաց. – Նանի, դե ինձ իրավունք տուր գնամ… գնամ իլիկս ման գամ, գտնեմ, գնամ տուն, գործս մնաց, մեր տանը կարոտել եմ:
– Լավ, աղջիկս, լավ ես անում, որ քո հորական տունը սիրում ես: Գնանք քո իլիկը գտնենք:
Ձեռք – ձեռքի տվին ու գնացին:
Գնացին, գնացին հասան մի փակ դռան:
Պառավն ասավ.
– Բախտի դռնակ, բարև, բարև, բացվի մաղի ոսկե անձրև. Էս աղջկան գեղեցկացրու և մազերը ոսկի դարձրու, ջանասեր է էս բալիկը, ոսկի դարձրու և իլիկը:
Էսպես որ ասավ, դուռը բացվեց: Նրանք երկուսով ներս մտանք դռնից:
Մին էլ անձրևը մաղեց, մաղ տվեց, շաղեց, շաղ տվեց ոսկին աղջկա գլխին, աղջիկն եղավ ոսկեմազիկ, գեղեցկացավ, խաս ու ղումաշ շորեր հագավ, դարձավ կաքավ:
Պառավը վերցրեց ոսկե իլիկը, տվեց աղջկան, համբուրեց նրար ու ասավ.
– Էս էլ ինձ պահելու վարձը, աշխատանքիդ գինը:
– Պառավը էդպես ասավ – չասավ, մին էլ դուռը փակվեց, պառավն անհետացավ: Աղջիկը աչքը խփեց բացեց, ահա իրենց տունը: Շունը, կատուն դեմ վազեցին, աքաղաղը կանչեց.
-Ծուղրուղու հավ ու ճուտ,
Եկավ, կտա նա մեզ կուտ.
Օրոր, շորոր մի կաքավ,
Ոսկեմազիկը եկավ,
Վրան ոսկի է շարել,
Իլիկը ոսկի է արել:
Գիտեք ով է, ով նախշել,
Հիվանդ պառավն է բաշխել:
Ծուղրուղու հավ ու ճուտ,
Եկավ, կտա ջուր ու կուտ:
Ոսկեմազիկը գնաց մոր ու քրոջ մոտ: Մայրն ու քույրը նրան սիրով ընդունեցին, ոսկի շատ էր բերել:
Ոսկեմազիկը պատմեց իր տեսածն ու լսածը:
Մայրն իր սիրելի աղջկան էլ ուղարկեց ջրհորի մոտ՝ բուրդ մանելու: Ծույլ աղջիկը մանեց, մանեց և իլիկը դիտմամբ գցեց ջրհորը ու ինքն էլ գլխի վրա ընկավ մեջը:
Որ ուշքի եկավ, էլի էն մարգագետնի վրա տեսավ իրան:
Մարգագետնով գնաց, գնաց հասավ էն թոնիրին: Հացերը կանչում էին.
– Հանիր մեզ կրակից, վառվեցինք, էրվեցինք:
Ծույլ աղջիկը թե՝ – Իմ շատ պետքս է, թե վառվեցինք, էրվեցինք, ով պետք է իրան կեղտոտի, ձեռները մոխրոտի:
Գնաց, գնաց, հասավ խնձորենուն:
Խնձորենին կանչում էր.
– Մեռա, բեռս ծանր է, թափ տուր, թափահարիր, շաղ տուր, շաղահարիր, խնձորներս հասել են:
– Հա , հենց ակաս – պակաս էդ էր պակաս: Մեռնում ես մեռիր: Իմ ինչ բանն է , թե մեռնում ես, գնում եմ ոսկեմազիկ դառնամ, ոսկի բերեմ:
Գնաց, գնաց հասավ պառավի տանը և սկսեց պառավին ծառայել:
Առաջին օրը վաղ վեր կացավ, սենյակը հավաքեց, մաքրեց, հիվանդի կամքը կատարեց:
Երկրորդ օրը սկսեց ծուլանալ: Երրորդ օրն՝ ավելի շատ: Չորորս օրն արդեն տեղից ժաժ չէր գալիս: Պառավը նրանից ձանձրացավ, հիվանդ վեր կացավ, տնքտնքալով տարավ էն ծույլին էն բախտի դռան մոտ և ասավ.
– Բացվիր դռնակ, դե ցնծա, էս աղջկան մի ընծա. Ալարկոտ է, ծույլ է սա, սրան կուպր մի կաթսա, թող կպրոտի սևանա ու կպրոտած տուն գնա:
– Երբ ծույլ աղջիկը տուն եկավ, աքաղաղը կանչեց –
– Ծուղրուղու…
Էս ուր գնաց, ուր եկավ,
Էս կապոցը զուր եկավ,
Սպիտակ գնաց, սև եկավ,
Սիրուն գնաց, դև եկավ:
Ելեք տեսեք ով եկավ:
Նա մեզ չի տա ջուր ու կուտ.
Ծուղրուղու, հավ ու ճուտ:
Ու էսպես, ջանասեր աղջիկը ոսկեմազիկ, գեղեցիկ աղջիկ դարձավ, ծույլ աղջիկը մնաց կպրոտ ու տգեղ: Քանի – քանի լողացրին, չիստակվեց, էն կպրոտն էր, կպրոտ էլ մնաց:
Աթաբեկ Խնկոյան(Խնկո Ապեր)
Հետևեք մեզ նաև Telegram-ում