Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ Հայրապետական այցելության շրջանակներում հոկտեմբերի 26-ի առավոտյան այցելեց «Վաչե Մանուկյան» դպրոց և հանդիպեց աշակետության հետ:
Այս մասին տեղեկացնում է armenianchurch.org-ը։
Հայրապետական պատվիրակությանը Միացյալ Նահանգներում միացել էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի էկումենիկ կապերի պատասխանատու և թեմական նվիրակ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանները, ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը և հավատացյալ այլ հայորդիներ:
Աշակերտները Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Հայրապետական մաղթանքի երգեցողությամբ: Խոսք ասվեց ուսուցիչների անունից, կրթական հաստատության սաները հանդես եկան գեղարվեստական կատարումներով: Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու մաղթանքները փոխանցեց սաներին ու մանկավարժներին և դպրոցին նվիրեց խաչքարի մանրակերտ:
Նույն օրը Վեհափառ Հայրապետն այցելեց «Արարատ տուն», որտեղ խնամք է մատուցվում հայ տարեցներին: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց հաստատության Խնամակալ մարմնին, աշխատակիցներին, Հայրապետական օրհնություն ու բարեմաղթանքներ բերեց տարեցներին:
Հայոց Հայրապետը խնամատար հաստատությանը նվիրաբերեց Գևորգ Սուրենյանցի «Տիրամոր» սրբապատկերի կրկնօրինակը: Այնուհետ Նորին Սրբության ձեռամբ կատարվեց «Արարատ տան» նոր մասնաշենքի հուշաքարի օրհնության արարողությունը:
Երեկոյան Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցավ «Հրաշափառ»-ի արարողություն` ներկայությամբ թեմի հոգևոր դասի և բազմաթիվ հավատացյալների, քույր Եկեղեցիների ներկայացուցիչների և պետական այրերի:
Հավատավոր ժողովրդին ուղղված խոսքում Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց թեմի հաստատման 90-ամյակի առիթով՝ գնահատելով ամերիկահայության ձեռքբերումներն ու հաջողությունները համայնքի ազգային-եկեղեցական կյանքում:
Վեհափառ Հայրապետը ամերիկաբնակ հայորդիներին մաղթեց Աստծու ամենառատ շնորհներն ու օրհնությունները՝ հորդորելով, որ աստվածահաճո կյանքով, անսպառ եռանդով, ազգային ու հոգևոր կյանքի բարօրության ու պայծառության տեսլականով շարունակեն եկեղեցաշեն ու ազգօգուտ գործերը:
«Հրաշափառ»-ի արարողությունից հետո հավատացյալները մոտեցան Հայրապետի Աջը համբուրելու և Նորին Սրբության օրհնությունը ստանալու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում