Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը՝ «Յոթ Վերք» եկեղեցում
Նմանատիպ
Հոկտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում տեղի է ունենալու սոպրանո Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը` «ՆՎԻՐՈՒՄ» խորագրով: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
«Գյումրիի հետ իմ հոգևոր կապն անբացատրելի է, դա գալիս է իմ մանկությունից: Մայրս գյումրեցի է, երեխա ժամանակ ամառային արձակուրդները մշտապես անցկացրել եմ Գյումրիում:
«Յոթ Վերք» եկեղեցին շատ մեծ խորհուրդ ունի, դա բոլորին է հայտնի: Քանի որ, որքանով տեղյակ եմ, մինչև այժմ նմանօրինակ համերգային կատարում չի եղել այստեղ, նպատակահարմար գտանք այս «խորհրդավոր» վայրը՝ միասին մեր հարգանքի տուրքը տալու Մեծն Կոմիտասին:
Նվիրում՝ Գյումրիին, վերադարձ դեպի արմատներ: Ակնկալում եմ միայն աղոթք՝ առ Գյումրի, առ Հայաստան և հայ ժողովուրդ»,-համերգի գաղափարի մասին կիսվել է Հասմիկ Պապյանը:
ԱՐՏ PR ընկերությունից հայտնում են, երգչուհուն միանալու է նաև Գերմանիայից ժամանած փայլուն դաշնակահարուհի՝ Լուսինե Խաչատրյանը, որը նույնպես արմատներով գյումրեցի է:
«Ավելի հրաշալի առիթ չէր կարող լինել, ես առաջին անգամ պիտի ելույթ ունենամ ինձ հոգեհարազատ Գյումրիում, այն էլ Կոմիտասի ստեղծագործություններով, Հասմիկ Պապյանի հետ միասին, ինձ համար շատ հուզիչ է այս ամենը»,-ասել է դաշնակահարուհի` Լուսինե Խաչատրյանը:
Համերգի կազմակերպումը վստահվել է`ԱՐՏ PR ընկերությանը, որի հիմնադիր-տնօրեն Գայանե Դավթյանի խոսքերով. «Մեզ համար մեծ պատիվ է ստանձնել մեծ երգչուհի Հասմիկ Պապյանի համերգի կազմակերպչական աշխատանքները, որովհետև այն կարծես ավելին է` քան պարզապես համերգ, դրանով ավելի մեծ պարտասխանատվություն ենք ստանձնել: Փորձելու ենք լավագույնս ստանալ այն միջավայրն ու ձևաչափը, ինչը ի սկզբանե դրված է այս գաղափարի հիմքում: Մեր շնորհակալությունը պիտի հայտնենք նաև Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, որը մեծ ակնածաքնով և իր անմիջական ջանքերով եղավ մեր կողքին»:
Համերգի մուտքն ազատ է, եկեղեցու դռները բաց են բոլորի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում