«Բարգավաճ»-ի նախնադարյան «բարեգործական»» ավտոբուսները

«Հայոց աշխարհ»-ի դիտարկմամբ, վերջերս մի տեսակ խորդուբորդ են ստացվում ԲՀԿ խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և հայրենի լրագրողների հարաբերությունները: «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը մեկը մեկից տարօրինակ քայլեր ու արտահայտություններ է անում։ Մի քանի օր առաջ, օրինակ, «Ար» հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդման ժամանակ, չկարողանալով ունկնդրել հարազատ կուսակցության հասցեին արվող քննադատական դիտողությունները, Տիգրան Ուրիխանյանը պարզապես լքեց «մարտադաշտը», այսինքն՝ հենց հաղորդման ընթացքում թողեց ու հեռացավ։

Երեկվա մամուլի ասուլիսում էլ, օրինակ, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարցին, Տիգրան Ուրիխանյանն այն ծիծաղելի է համարել։ Այնուհետև առաջարկել է, որ նման դեպքերի մասին հայտնեն իրեն։ «Թերևս «նման դեպքերի» դեմ պայքարում իր և կուսակցության վճռականությունը դրսևորելու համար նա անգամ քիչ է մնացել ձեռքի հեռախոսի համարը հրապարակայնացնի։ Բայց հեռախոսահամարի միայն կեսն է ասել, որից հետո թերևս միտքը փոխել է ու խորհուրդ տվել, որ ընտրակաշառքի վերաբերյալ մարդիկ ահազանգեն ոստիկանություն։ Է՜լ ավելի շքեղ է ստացվել, ի դեպ, ԲՀԿ խոսնակի արձագանքը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հանրահայտ «բարեգործական ավտոբուսները» Ավանից-«Այրարատ» կինոթատրոն երթուղով պտտեցնելու վերաբերյալ «Հայնյուզ» կայքի թղթակցի հարցին։ Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն որոշել հենց հիմա անվճար ավտոբուսներ աշխատեցնել այդ երթուղում, ինչին ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ըստ նույն կայքի հրապարակման, պատասխանել է. «250 տարի առաջ’ 1750 թվականից սկսած, ոչ թե ԲՀԿ-ն, այլ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն ուղղակի ամբողջ Երևանով ու Հայաստանով մեկ’ սկսած տարբեր մարզերից’ Գյումրի, Չարենցավան և այլն, ավտոբուսներ է տրամադրում»»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում