Սխալ եմ համարում՝ ամեն տարի արհեստական հայկական ծրագիր անելը. Վրեժ Քասունի

Այսօր մեկնարկում է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին ասաց, որ այս տարի ընդլայնվել է փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի աշխարհագրությունը. ստացել են 100 երկրից ավելի քան 2500 դիմում:

«Այս թիվը նաև որակ է ապահովում, վկայում է մեր փառատոնի նկատմամբ շատ մեծ ուշադրությունը»,- նշեց նա:

Վրեժ Քասունին տեղեկացրեց, որ շուրջ 200 ֆիլմ, այդ թվում՝ 6 լիամետրաժ, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։

Նա ասաց, որ ծրագրերում ընդգրկված են հոյակապ, աշխարհի տարբեր երկրներում մրցանակների արժանացած, հանրահայտ ռեժիսորների աշխատանքներ: Վրեժ Քասունին նշեց, որ փառատոնի կարճամետրաժ և հեռուստատեսային մրցութային ծրագրերում ընդգրկված է հայկական 5 ֆիլմ:

«Հայկական հատուկ ծրագիր ներկայացված չէ: Մեր արտադրությունն այդքան շատ չէ, որ ամեն տարի նոր հատուկ ծրագիր անենք, չենք էլ ուզում արհեստականորեն ծրագրեր ստեղծել: Սխալ եմ համարում, որ ամեն տարի արհեստական, անպայման հայկական ծրագիր անել մի բան ապացուցելու համար:

Հաջորդ տարի նշվելու է հայկական անիմացիայի 80-ամյակը, մեր ջանքերը, ճիգերը պահպանում ենք հաջորդ տարվա համար: Այս տարի մի քիչ համեստ ենք անում: 2018-ին աշխատելու ենք ներկայացնելու մեր 80-ամյա անիմացիոն պանծալի արվեստը»,- ասաց փառատոնի հիմնադիր տնօրենը:

Ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն ասաց, որ ստեղծման պահից ի վեր Ֆրանսիայի դեսպանությունն աջակցել է այս փառատոնին և շարունակում է աջակցել:

«Բնականաբար, մեզ գոհունակություն է պատճառում այն իրողությունը, որ ֆրանսիական կինոն լայն ներկապնակով ներկայացված է այս կինոփառատոնին»,- նշեց դեսպանը:

Նա հայտնեց, որ փառատոնի ընթացքում ցուցադրվելու է 32 ֆրանսիական ֆիլմ, փառատոնը փակվելու է ֆրանիսական ֆիլմով՝ «Մեծ փիս աղվեսն ու այլ պատմություններ», որը ներկայացվելու է առաջին անգամ:

«Ֆրանսիական մասնակցությունն այս փառատոնին պատահականություն չէ, որովհետև անիմացիոն ֆիլմերի ոլորտում համաշխարհային մակարդակով Ֆրանսիան թիվ երրորդ առաջատար երկիրն է, իսկ Եվրոպայի առաջնությունը պատկանում է Ֆրանսիային»,- ասաց Ջոնաթան Լաքոտը:

Դեսպանի խոսքով, քանի որ հաջորդ տարի «ՌեԱնիմանիա» փառատոնի 10-ամյակն է, կփորձեն այն համատեղ ներկայացնել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի՝ այդ կարևոր իրադարձության հետ:

«Այդ պատճառով ցանկությունս այն է, որ հաջորդ տարվա փառատոնին ֆրանկոֆոնային շեշտվածությունն անհամեմատ ավելի շեշտված լինի»,- ասաց նա:

ՀՀ-ում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ասաց, որ արդեն մի քանի տարի սիրով համագործակցում են փառատոնի հետ, փորձում են բրիտանական անիմացիոն ֆիլմերը ներկայացնել փառատոնի ընթացքում:

«Ուրախ ենք, որ փառատոնը մեկնարկելու է 2017 թվականի բրիտանական ֆիլմարտադրության լավագույն ֆիլմերից մեկով՝ աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի մասին պատմող «Վան Գոգի կրքերը»»,- ասաց Ա. Սարիբեկյանը:

«Վան Գոգի կրքերը» համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կյանքի մասին պատմող ֆիլմը ստեղծվել է 115 նկարիչների ջանքերով, որոնք Վան Գոգի տեխնիկայով նկարել են ֆիլմը կազմող 65 000 կադրերից յուրաքանչյուրը։ «Վան Գոգի կրքերը» ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դորոթա Քոբիելան և Հյու Ուելչմանն են, ֆիլմն արտադրել է BreakThru Films ընկերությունը։

Ասուլիսին ներկա «Վան Գոգի կրքերը» ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթն ասաց, որ Վան Գոգը համաշխարհային ճանաչում ունեցող դեմք է, այդ պատճառով էլ այս ֆիլմի ստեղծման գործում ունեցել են աշխարհի տարբեր երկրներից նկարիչների մասնակցություն, ցավ հայտնեց, որ հայ նկարիչների հետ չեն աշխատել:

«Ուրախ եմ, որ ֆիլմը ներկայացվելու է նաև Հայաստանում»,- նշեց նա:

Շոն Բոբիթը հանդիպումներ է ունենալու հայ անիմատորների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում