Ցած ենք դնում մեր փոքրիկ կուսակցական դրոշակները և լծվում ենք «Նոր Հայաստանի» կերտման գործին. Զ. Փոստանջյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ասաց. «Հետընտրական գործընթացները հասել են մի հանգրվանի, որտեղ մենք ունենք հաղթական քաղաքացիներ, որոնք գիտակցում են իրենց պատկանելությունը սպասվող պայքարի բոլոր գործընթացներում: ՀՀ քաղաքացիներն ապրիլի 9-ին հստակ ցույց տվեցին, որ չեն ճանաչում ապօրինի իշխանություններին»:

Փոստանջյանը նաև խոսեց ապրիլի 19-ին Անի հյուրանոցում սպասվող միջոցառմանը և նշեց, որ այդ օրը նախատեսվում է անցկացնել քննարկում, որը վերաբերելու է իրենց ապագա անելիքներին ու ծրագրերին: Միջոցառման մուտքը լինելու է ազատ, իսկ սեղանին հստակ փաստաթղթային դրույթներ են դրված լինելու:

«Առաջին հերթին մենք’ քաղաքական ուժերի մասին է խոսքը, այլևս ցած ենք դնում մեր փոքրիկ կուսակցական դրոշակները և լծվում ենք նոր Հայաստանի կերտման գործին: Բոլոր քաղաքական ուժերը, եթե ցանկանում են, կարող են մասնակից լինել այս գործընթացին»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:

Այն հարցին, թե’ Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ ապրիլի 19-ի միջոցառմանը մասնակցելու համար իրենք «Ժառանգությունից» գոնե ոչ պաշտոնական հրավեր կամ հեռախոսազանգ են ակնկալում, լինելո՞ւ է արդյոք այդպիսի զանգ, Զ. Փոստանջյանը նշեց. «Ես կազմակերպչական հարցերով չեմ զբաղվում, բայց եթե ակնկալում են, նման հրավեր նրանք կունենան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում