Ալեքսանդր Գրիգորյանը վայելեց հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքը. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահը խորին ցավակցություն է հայտնել անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազում երկրպագուներին:

«Ալեքսանդր Գրիգորյանը, տասնամյակներ շարունակ նվիրվելով բեմարվեստին, վայելեց հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքը: Նրա գործունեության յուրօրինակ դրսևորումներն են Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում բեմադրած՝ ժամանակակից և դասական դրամատուրգների բազմաթիվ գործերը:

Նշանակալի էր անվանի բեմադրիչի ավանդը նաև հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման և բարեկամության ամրապնդման գործում»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում