Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում է «Երաժշտական զբոսանքներ» ծրագիրը

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում է «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագիրը նախատեսված 8-11 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների և 12-16 տարեկան պատանիների համար:Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Ընկերությունից մանրամասնում են, որ ծրագրի հեղինակը դաշնակահարուհի, երաժշտագետ Մարինե Կարոյանն է, ով մասնակիցների հետ մտերմիկ երաժշտական զբոսանքներ է անցկացնում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում:

Ծրագրի մեկնարկից ի վեր արդեն իրականացվել է 14 հանդիպում, որին ներգրավվել են շուրջ 200 երեխաներ և պատանիներ: Մարինե Կարոյանի հետ ինտերակտիվ հանդիպումների ընթացքում մասնակիցներն արդեն անդրադարձել են երաժշտական տարբեր հետաքրքրաշարժ թեմաների՝ նախապատմական շրջան, հին քաղաքակրթություններ, Հին Հունաստան և Հռոմ, Միջին դարեր և Վերածնունդ:

«Երաժշտական զբոսանքներ» նախագծի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերի համար, վաղ տարիքից հետաքրքրություն և սեր ձևավորել դասական երաժշտության հանդեպ, կառուցել ամուր և շարունակական հարաբերություններ ընտանիքների և պատանեկան լսարանի հետ:

Շնորհակալ ենք Beeline-ին շարունակական համագործակցության և աջակցության համար»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Երաժշտական և էսթետիկ դաստիարակությունն անձի կայացման գործում կարևորագույն նշանակությունն ունի։ Մեր սոցիալական պատասխանատվությունն է երիտասարդության բազմակողմանի զարգացման համար պայմաններ ստեղծելը։ Վստահ եմ, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այս ծրագիրը մեր երեխաների կյանքը կդարձնի ավելի լավը՝ ձևավորելով նրանց ճաշակը», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծրագիրը տեղի է ունենում շաբաթ օրերին. յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը հյուրընկալվում են ընտանիքները, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը՝ պատանիները: Մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ (010) 54 19 32, կամ (010) 54 19 34 հեռախոսահամարներով:

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից:

Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում