Հենրիխ Մխիթարյան. Ուզում ենք ոսկե դուբլ անել

Դոնեցկի «Շախտյորի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ուկրաինայի գավաթի առաջիկա՝ «Կարպատիի» հետ 1/4 եզրափակիչ խաղից իր ակնկալիքների մասին:

«Իհարկե՛, «Կարպատին» գավաթի հետ կապված մեծ հույսեր ունի. նրանք բավական լուրջ փուլի են հասել, մոտ են մրցաշարի եզրափակչին: Սակայն եկեք չմոռանանք, որ մենք էլ «ոսկե դուբլ» ենք ուզում անել, ուզում ենք ուկրաինական երկու տիտղոսներն էլ վաստակել ու այդ պատճառով ամեն ինչ կանենք, որպեսզի ապրիլի 17-ին հաղթենք: Մենք հարգում ենք մեր մրցակցին, սակայն ոչ ոքից չենք վախենում ու ոչ ոքի չենք խղճալու: Մենք հասկանում ենք, որ փոքր սխալն անգամ կարող է շատ լուրջ կորստի բերել: Ու եթե առաջնությունում ինչ-որ բան շտկելու հնարավորությունը կա, ապա այստեղ այդպես չէ: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, բայց մեզ պետք է շատ զգոն ու կենտրոնացած լինել: «Կարպատիի» հետ հեշտ պայքար չի սպասվում, ու մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերել թիմի պաշտոնական կայքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում