Տավիղ և ոկալ․ Մալթայի կատարողական արվեստը ներկայացվեց խաչատրյանական փառատոնի ընթացքում

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նոյեմբերի 1-ին ներկայացրեց հետաքրքիր համերգային երեկո, հետաքրքիր` կատարողական և ծրագրի առումներով։ Բեմում էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոն՝ Բրիթ Արենդ (սոպրանո), Կլարա Ղիգո (մեցո-սոպրանո), Գիլլիան Ցամմիթ (տավիղ)։

Այս ծրագրի սկիզբը, կարելի է ասել, դրվեց 2016թ. հոկտեմբերին, երբ Մալթայի ղեկավար, Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը պետական այցով ժամանեց Հայաստան։ Ուշադիր ունկնդիրը նկատած կլինի, որ այս այցից հետո Հայաստան-Մալթա մշակութային կապերը սերտացել են։ Երաժշտական հաճախակի հանդիպումներ են տեղի ունենում երկու երկրների միջև։ Իսկ խաչատրյանական փառատոնն առաջին անգամ ներկայացրեց Մալթան ոչ միայն կատարողական արվեստի, այլև կոմպոզիտորական առումով։

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի ընթացքում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոն ներկայացրեց Պաոլո Տոստիի, Վինչենցո Բելլինի, Գաբրիել Ֆորեի, Ռեյնալդո Հանի, Կլոդ Դեբյուսիի, Ջոակինո Ռոսինիի, Էնրիկե Գրանադոսի, Պաուլին Վիարդոտի, Ալեքս Վելլա Գրեգորիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ժակ Օֆֆենբախի ստեղծագործություններից։ Այդ գործերը, ի դեպ, ընդգրկված են տրիոյի՝ 2016 թվականին թողարկած ձայնասկավառակում։

Նշենք, որ հետաքրքիր այս խումբն առաջին անգամ բեմ է բարձրացել չորս տարի առաջ, սակայն այն ժամանակ՝ նաև ֆլեյտահարի մասնակցությամբ։ Հետագայում, սակայն, գործունեությունը ծավալել են տրիոյի տեսքով՝ տավիղ և վոկալ համադրությամբ։ Տրիոյի անդամներից յուրաքանչյուրը կայացած երաժիշտ է և անցնում է շատ լուրջ պրոֆեսիոնալ ուղի։ Տրիոն այս ընթացքում համերգներ է ունեցել Մալթայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։

Տրիոյի երաժիշտները նշում են, որ սիրում են նորարարություններ մատուցել հանդիսատեսին, վերջինս էլ, որպես կանոն, հետաքրքրությամբ և սիրով է ընդունում իրենց ելույթները։

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում ընթացող Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որն այն կյանքի է կոչում ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Մամուլի հաղորդագրություն

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում