ՀԱԿ-ը հանրապետականներին տապալել չի կարող. Ա. Իսկանդարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան ասաց, որ ՀԱԿ դաշինքի վերափոխումը կուսակցության ոչ միայն վերանվանում է, այլ արտացոլումն այն քաղաքական իրավիճակի, որը կա Հայաստանում:

Նա հիշեցրեց, որ երբ ստեղծվեց ՀԱԿ դաշինքը, փորձ արեց ստեղծել լայն միավորում՝ գործող իշխանության դեմ, փորձ արեց միավորել ընդդիմության էական հատվածը, փորձ արեց ձևավորել ազգային ճակատ, որը, քաղաքագետի խոսքերով, փորձված տեխնոլոգիա է քաղաքականության մեջ: Բայց տապալել իշխանությունը անցյալի փորձով, ըստ Իսկանդարյանի, չհաջողվեց, քանի որ այսօր Հայաստանում իրականությունն այլ է, «այդ իրականությանը պետք է ընդգրկվել այլ կերպով»: Ըստ բանախոսի՝ ՀԱԿ վերանվանումը քաղաքական գործելակերպի այլ տեսակ է:

Քաղաքագետը նշեց. «Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը հանրապետականներին տապալել չի կարող մոտակա ժամանակաշրջանում, իսկ կուսակցությամբ աշխատել մեդիայի հետ, խմբավորել մարդկանց իր շուրջ, խորհրդարանում աշխատել կարող է, ուստի ճիշտ էր կուսակցություն ձևավորելը»:

Խոսելով ՀԱԿ հիմնադիր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համագումարում ելույթի մասին՝ Իսկանդարյանը մեկնաբանեց. «Հետաքրքիր է, որ նա խոսեց քաղաքական մրցակցի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին: Փաստորեն, ռեալ քաղաքական մրցակցությունն այսօր այս դաշտում է: Տեր-Պետրոսյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատել պետք չէ, հետո սկսեց քննադատել: Դա ցույց է տալիս, որ մրցակցությունը մնում է, քաղաքական մրցակցությունը մնում է: Դա իմ կարծիքով՝ ճիշտ է ու պետք է քաղաքականության զարգացման համար, քանի որ ընդդիմության վիճակը բավականին տխուր է վերջին ընտրություններից հետո:Լևոն Տեր-Պետրոսյանը հայտ ներկայացրեց քաղաքականության շարունակության համար»,- մեկնաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը անդրադարձավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:Նա հիշեց նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածը և ասաց, որ եթե Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններում առաջադրեր իր թեկնածությունն, ապա չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանը միանար նրան, որը, բանախոսի գնահատմամբ, ճիշտ մարտավարություն կլիներ, որովհետև դա ամենալուրջ ուժը կլիներ, որը կկարողանար ռեսուրս մոբիլիզացնել:

«Բայց այն, որ Ծառուկյանը որոշեց դեկտեմբերին չմասնակցել, լուրջ հարված էր ՀԱԿ-ի համար: Տեր-Պետրոսյանն ազդանշան է տալիս Ծառուկյանին, որ կարելի է վերակենդանացնել նախկինում ունեցած համագործակցության կառուցվածքը և օգտագործել այն ապագայում»,- ասաց քաղաքագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում